News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանի մանկության խաղալիքները զենքերն ու նռնակներն են եղել:

«Ես 5-6 տարեկան երեխա էի, ինքնաշեն ատրճանակ էի սարքում: Խաղում էի նռնակներով, ականներով, նույնը եղել է իմ հասակակակից բոլոր երեխաների պարագայում»,- պատմեց Արտակ Բեգլարյանը, որը մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում մասնակցում էր NEWS.am-ի բարեգործական ակցիային:  

Արտակ Բեգլարյանը կարծում է` նույնիսկ պատերազմում երեխաներն ունենում են մանկություն, քանի որ մանկությունն իր մեջ արդեն երջանկություն է պահում: Ինքը   միայն հասուն տարիքում է հասկացել, որ իր մանկությունը պատերազմում է անցել:

«Պատերազմի տարիներին ուրախանում էինք, երբ ադրբեջանական ռմբակոծիչները գալիս էին: Դուրս էինք գալիս, գոռում էինք` սամալյոտ, սամալյոտ: Վախ չունեինք, որ կարող է` մեզ խփեն, մինչ մեծերը թաքնվում էին նկուղներում, մենք, չհասկանալով, թե դա ինչ է, բակում էինք մնում: Մենք ուրախանում էինք տանկ տեսնելով: Մեզ համար նույնիսկ պատերազմն այլ ռակուրսով էր»,- հիշում է նա:

Արտակ Բեգլարյանն ասում է` իրենց սերնդին ինչ-որ չափով հաջողվել է այնպիսի միջավայր ստեղծել, որ այսօր Արցախում մեծացող երեխաները պատերազմից, թշնամուց ավելի քիչ խոսեն: Այնուամենայնիվ, նրանց խաղերի շարքում էլ առաջինը տեղը է կռիվ-կռիվն է զբաղեցնում: 

«Ասում են` գնանք թուրքերին կոտորենք, կռիվ-կռիվ են խաղում: Պատերազմի կարմիր գիծը գնում է երեխաների խաղերում»,- նշում է նա:

Արտակ Բեգլարյանը կարծում է` Արցախում երեխաների իրավունքներն այնքան պաշտպանված չեն, որքան Հայաստանի Հանրապետությունում, Ադրբեջանի Հանրապետությունում կամ այլ ճանաչված պետությունում: Նրա խոսքով` հայ ժողովուրդը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի արցախցի երեխաներին, քանի որ նրանք մշտապես տեղահանման վտանգի տակ են, անընդհատ կրակոցները խաթարում են նրանց անհոգ մանկությունը:

Արտակ Բեգլարյանը 1995թ. 6 տարեկան հասակում խաղալիս կորցրել է տեսողությունը ականի պայթյունից:

Նշենք, որ մայիսի 29-ին NEWS.am-ն անցկացրեց իր ամենամյա բարեգործական միջոցառումը, որին հանգանակվեց 2մլն 450 հազար դրամ։ Թեեւ ակցիան ավարտվել է, սակայն հանգանակությունը դեռ շարունակվում է, եւ ցանկություն ունեցողները կարող են մասնակցել հանգանակությանը։

Նշենք, որ ակցիային մասնակցել են մասնավորապես, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, նախարարներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Լոքյանը, Արտեմ Ասատրյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ Կարինե ԱճեմյանըՀովհաննես Սահակյանը, Մարգարիտ Եսայանը, Արագած Ախոյանը, Ռուզաննա Մուրադյանը, Վահե Էնֆիաջյանը, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, քաղաքական գործիչներ Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արցախի վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Պաղպաղակները վաճառել են են քաղաքական– հասարակական գործիչներն ու շու բիզնեսի աստղերը, ճանաչված մարզիկները։ 

Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:

Տպել
Ամենաշատ