News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի սպառողների համար գազի սակագնի 9,3 դրամով իջեցումն էական ազդեցություն չի ունենա ոչ տնային տնտեսությունների համար, ոչ էլ սպառողական ապրանքների գնի իջեցման վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։ 

«Նման ցածր եկամուտներ ունեցող երկրի համար  գազի սակագնի նման չափով իջեցումը շատ չնչին է, 9,3 դրամով գազի սակագնի նվազումը սիմվոլիկ մի բան է՝ հարթելու համար հասարկության շրջանում ստեղծված  պայթյունավտնագ իրավիճակը։  Բայց բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը իմիտացիա է»,-ասաց նա։

Վարդան Բոստանջյանը նշեց, որ Հայաստանը սահմանին Ռուսաստանի Դաշնությունից  150 դրամով ստանալով գազը՝ այն քաղաքացիներին է իրացնում իրականում երկու անգամ թանկ եւ անգամ 9,3 դրամով գազի սակագնի իջեցմանպարագայում է, այն հայ սպառողներին մատուցվում է նորից երկու անգամ բարձր գնով. «Անգամ  9,3 դրամի իջեցման պարագայում է գազը քաղաքացիներին իրացվում երկու անգամ թանկ  եւ կարելի է ասել, որ  ըստ էության, այս 9.3 դրամը որեւէ մեկին ոչ մի օգուտ չի տալու։  Առանց համակողմանի մոտեցումների,  իհարկե, դժվար է ինչ-որ թիվ ասել, թե որքանով էր իրականում հնարավոր իջեցնել սակագինը, բայց բոլոր պայմաններում, հասկանալի է, որ շատ քիչ է իջեցվել։  Անգամ միջազգային շուկայում, երբ  աղքատության այսպիսի մակարդակ չկա, ինչպիսին Հայաստանում է, գազի սակագինն ավելի ցածր է, քան մեզ մոտ»,-ասաց նա։

Տնտեսագետը նշեց, որ չի բացառվում, որ գազի սակագնի 9,3 դրամով իջեցումն ազդի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա եւ հնարավոր է՝ 3,4 դրամով Էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում լինի, որը նույնպես շատ ծիծաղելի թիվ է եւ ոչ մի դրական ազդեցություն չի ունենալու Հայաստանի սպառողների համար։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է տնային տնտեսությունների համար գազի սակագինը մեկ խ/մ-ի համար 156 դրամից իջեցնել 146.7 դրամ։ Սակագնի նշված իջեցումը վերաբերվում է ամսական մինչեւ 10 հազար խ/մ գազ օգտագործող բաժանորդներին (այսինքն՝ գրեթե բոլոր բաժանորդներին, այդ թվում ՓՄՁ-ին)։ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի իջեցման հայտը ՀԾԿՀ է ներկայացրել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական գազը Հայաստանի համար կազմում էր 165 դոլար՝ հազար խմ-ի դիմաց՝ նախկին 189 դոլարի փոխարեն: Գինը ժամանակավորապես է նվազեցվել՝ փոխհատուցելու համար «Գազպրոմ Արմենիայի» կորուստները: Հայկական կողմը դիմել էր գազի գնի մշտական նվազեցման առաջարկով: Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Երեւանի այցի եւ հայ գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման արդյունքում հայտարարվել է գինը մինչեւ   150 դոլար իջեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ