Քառօրյա պատերազմի փորձն ի ցույց դրեց որոշ կարեւոր դասեր՝ կապված նաեւ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Նախ՝ թալիշական սփյուռքի գործիչները ոչ միայն փաստացիորեն գրեթե ազդեցություն եւ հետեւորդներ չունեն ադրբեջանաբնակ թալիշների շրջանում, այլեւ ամենավճռական եւ ճակատագրական պահերին, նույնիսկ Ադրբեջանից դուրս գտնվելով, հանդես չեն գալիս գոնե պատերազմին թալիշների չմասնակցելու կոչով»,-նշել է նա:
Ոսկանյանի խոսքով, մոտավոր տվյալներով միայն քառօրյա պատերազմի ընթացքում մեր զինվորների կողմից ոչնչացվել է գրեթե երկու տասնյակ ազգությամբ թալիշ ադրբեջանական բանակի զինծառայող, եւ եթե մեր դիրքերի վրա հարձակվողները Բաքվի բռնապետի հատուկ ջոկատայիններն էին, ապա ակնհայտ է, որ դրանց շարքերում փաստացիորեն կռվում են նաեւ թալիշներ, որոնք ժամկետային զինծառայողներ չեն եւ, պատկերավոր ասած, բռնի ուժով չեն քշվել մեր դեմ մարտնչելու:
«Ըստ ամենայնի, նույնիսկ միայն այս փաստերը բավարար են, որպեսզի լուրջ վերանայում իրականացվի թալիշների հանդեպ մեզանում առկա մոտեցումներում եւ ծրագրավորման մեջ: Վերադարձը թալիշական «հեքիաթից» դեպի իրականություն հրատապ անհրաժեշտություն է՝ անհրաժեշտություն, որով էլ պայմանավորված է լինելու հայերիս եւ թալիշների միջեւ, համոզված եմ, ապագա իրական համագործակցության հաջողությունն ընդդեմ ընդհանուր հակառակորդի»,-ընդգծել է նա: