News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կոչ է անում ազգությամբ հայ լինելու համար Բաքվում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու վերաբերյալ տալ համապատասխան գնահատական։

«2016թ. մայիսի 30-ին ԶԼՄ-ներում եղան մի շարք հրապարակումներ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 8-ամյա Լուկա Վարդանյանին 10 ժամով անազատության մեջ պահելու մասին: Նա ժամանել էր Բաքվի օդանավակայան իր մոր՝ Քրիստինա Կոնստանտինովայի եւ նրա ամուսնու հետ, որոնք նույնպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Երեխայի անազատության մեջ պահելու միակ պատճառը նրա հայկական ազգանունն էր, որի պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան «կասկածում էին» հայ լինելու մեջ:

Այս անընդունելի միջադեպը Ադրբեջանում պետականորեն իրականացվող հայատյացության (արմենոֆոբիայի) դրսեւորում է: Այդ քաղաքականությունը մանրամասն նկարագրված է 2016թ ապրիլի 21-ին Արցախի օմբուդսմանի հրապարակած միջանկյալ հանրային զեկույցում:

Կոչ եմ անում մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, հատկապես` երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին այս միջադեպին եւ ընդհանրապես հայատյացության քաղաքականությանը տալ համարժեք գնահատական: Այս քաղաքականությունը 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունների անմիջական պատճառն է:

Միջազգային հանրության կողմից այս միջադեպի պատշաճ դատապարտումը կարող է կանխել հայերի նկատմամբ ատելության քարոզի տարածումը եւ բռնության հրահրումը, իսկ դրա արդյունքում` մարդու իրավունքների կոպիտ խախտումները տարածաշրջանում»,-ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ