News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բնությունը շռայլ է գտնվել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի նկատմամբ՝ նրան շնորհելով շքնաղ, գրեթե կուսական գեղեցկություն: Տեղի բնակիչներն ասում են՝ սա վայր է, որտեղ Աստված իջել է երկնքից: Այս մասին գրում է «Standard Digital»-ը:

Հրապարակման համաձայն, հյուսիսից Հայաստանը սահմանակից է Վրաստանին, հարավից՝ Իրանին, արեւելքից՝ Ադրբեջանին եւ արեւմուտքից՝ Թուրքիային: «Հայաստանը լեռնային երկիր է Կովկասի հարավում. այս տարածաշրջանը գտնվում է Սեւ եւ Կասպից ծովերի մեջտեղում եւ սահմանակից է Եվրոպային ու Ասիային: Հայաստանը հպարտանում է իր հնագույն պատմությամբ, ավելի հին, քան եվրոպական այլ երկրների պատմությունը, չնայած այս երկիրը Խորհրդային Միությունից անկախություն է ձեռք բերել միայն 1991 թվականին: Հայաստանը հնագույն քրիստոնեական քաղաքակրթություներից է՝ 4-րդ դարում կառուցված եկեղեցիներով»,- գրում է հեղինակը:

Պատմական քաղաքական բախումների պատճառով հարեւանների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակմամբ ճնշված Հայաստանը համեմատաբար աղքատ երկիր է՝ գործազրկության եւ աղքատության բարձր մակարդակով: «Այն կախված է իր միջազգային տուրիստական արդյունաբերության զարգացումից: Պատմությունը կախված է այս երկրի եւ մայրաքաղաք Երեւանի «պարանոցից»: Քաղաքը ճանաչված է կրոնական ժառանգությամբ՝ դարեր առաջ կառուցված վանքերով»,- գրում է հեղինակը:

Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի Մատենադարան ինստիտուտում 1500 կրոնական ձեռագրեր կան, որոնք բացահայտում են երկրի հարուստ անցյալը: «Այսօր Երեւանը կոմպակտ մեգապոլիս է, որը կոչում են «Սրճարանների քաղաք»: Այն ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում որպես հանգստավայր եւ երկրի այլ հատվածներ ուղեւորվելու մեկնակետ:

Ծովափի բացակայությունը փոխհատուցում են լեռներն ու հովիտները: Ձյունածածկ գագաթով Արարատ լեռն ազգային խորհրդանիշ է»,- ընդգծում է հեղինակը: Հանրապետության հրապարակը քաղաքի սրտում է: «Կառավարության շենքի վրա գտնվող հսկայական ժամացույցն ուշադրություն է գրավում: Այդ 92-ամյա ժամացույցը կարծես Ուոլթ Դիսնեյի ինչ-որ պատմությունից լինի: Երգող շատրվաններն էլ՝ ջազ, փոփ, դասական եւ ռոք երաժշտությամբ, ինքնատիպ երեկոյան ժամանց են»,- նշվում է հոդվածում:

Հանրապետության հրապարակում Ազգային պատկերասրահն ու Պատմության թանգարանն են՝ շուրջ 20 հազար հայ, ռուս եւ եվրոպացի արվեստագետների կտավներով:

«Պատմության թանգարանը հայկական ժառանգության ավելի քան 400 հազար առարկաների տունն է: Շենքերը հիմնականում հայկական վարդագույն տուֆից են: Հայկական ճարտարապետությունը նույնպես երկրի պատմության հետաքրքիր ընկալում է ստեղծում: Կարելի է վայելել Կասկադի հանգստությունը. զարմանալի գեղեցիկ վայր շատրվաններով եւ քանդակներով»,- ամփոփում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ