News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Շիրակի փողոցից մինչեւ Արգավանդի խճուղի տանող նոր ավտոճանապարհի կառուցման հիմնարկեքի արարողությանը, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող անընդհատ երթեւեկությամբ նոր ճանապարհը կունենա 4-6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մետր լայնությամբ, շուրջ 1,5 կմ երկարությամբ:

«Արդեն երկու տարի է, ինչ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ փուլ առ փուլ մայրաքաղաքում խոշորածավալ ճանապարհաշինական ծրագրեր ենք կյանքի կոչվում: Այսօր տվեցինք Շիրակ փողոցից դեպի Արգավանդի խճուղի տանող հատվածի շինարարության մեկնարկը: Այն Երեւանի Շենգավիթ վարչական շրջանը կկապի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետ: Այս աշխատանքների շրջանակում Հրազդան գետի վրա կկառուցվի նաեւ 252 մ երկարությամբ կամուրջ, որը կկրի «Էրեբունի-Երեւան 2800» անունը եւ կնվիրվի Երեւանի 2800-ամյակին: Նաեւ նշեմ, որ այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնի միջազգային մրցույթում հաղթած իտալական փորձառու կազմակերպությունը», - իր խոսքում ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշել է, որ առաջիկայում տրվելու է ծրագրի երրորդ եւ չորրորդ փուլերի մեկնարկը, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի բոլոր փուլերի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխանող անընդհատ երթեւեկությամբ 23 կմ շրջանցիկ ավտոճանապարհ, որը կձգվի Արտաշատի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ իրար կապելով Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանները:

Նոր ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ