News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայտնի համշենահայ ռոք երգիչ Յաշար Քուրթը, ով իր հայ լինելու մասին միայն 40 տարեկանում էր իմացել, նոր ալբոմ է թողարկել` «Համշենի յայլաներ» վերնագրով: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Ակօս» շաբաթաթերթը:

Յաշար Քուրթը իր հետ հարցազրույց իրականացրած «Ակօս»-ի լրագրողներից Վարդան Էսթուքյանին հայտնել է, թե 5 տարվա ընդմիջումից հետո թողարկված «Համշենի յայլաներ» ալբոմի երգերում արտացոլված են իր արմատների հետքերը, սեւծովյան շրջանի մեղեդիները:

Հատկապես վերջին շրջանում համշենյան մշակույթի եւ հայոց լեզվի` Համշենի բարբառի նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում: Ինչպես նշել է Յաշար Քուրթը, թեեւ ինքը փոքր հասակից հաճախ է եղել իր ծննդավայր Ռիզեում, սակայն համշենական մշակույթի հանդեպ իր հետաքրքրությունը վերջին տարիներին ավելի է աճել:

Համշենահայ երգիչը հարցազրույցում ափսոսանք է հայտնել, որ նոր ալբոմում համշեներենով ոչ մի երգ տեղ չի գտել, քանի որ ինքը ծագմամբ լինելով Ռիզեից եւ համեմատաբար երիտասարդ` չի տիրապետում հայոց լեզվի` Համշենի բարբառին:

Յաշար Քուրթը դրա կապակցությամբ նշել է. «Ափսոս, որ երիտասարդ սերունդն այլեւս չի տիրապետում համշեներենին: Իմացողներն էլ այդ լեզուն խիստ հազվադեպ են օգտագործում: Համշեներենին են դիմում միմիայն վրդովվելիս կամ կատակ անելիս: Չեմ կարող ասել, թե երբեք չեմ լսել իմ մայրենին, սակայն իմ լսած երգերի մեծ մասը թուրքերենով են եղել: Վերջերս, համշեներենով երգեր ներկայացնող «Վովա» խմբի եւ Այշենուր Քոլիվարի հետ միասին մտածեցինք, որ լավ գաղափար կլինի համշեներենով համատեղ երգեր ներկայացնելը: Ո՞վ գիտե, միգուցե ապագայում հայերենով կամ համշեներենով էլ մի ալբոմ կթողարկեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ