News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը կարծում է՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնից ազատելը ոչինչ չի փոխի:

«Արտյոմ Մովսիսյանը նստել վայելել է: Մարդ փոխելը ոչինչ չի փոխում: Համակարգն է անհրաժեշտ փոխել: Պետք է նորմալ ընտրություն լինի, երկրում լեգիտիմ իշխանություն լինի, լեգիտիմ իշխանությունը կարողանա ճիշտ մարդուն այնտեղ նշանակել: Հետո մի մարդով գարուն չի գա, եթե վերեւից փտած է համակարգը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շահեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ հայտնվել է երրորդական կարգի երկրների ցանկում, որը սեփական ավիափոխադրող չունի եւ շուկան 90 տոկոսով ռուսական ընկերությունների ձեռքում է: «Բաց երկնքի քաղաքականության շնորհիվ ռուսական ընկերություններն ամբողջ շահույթը վերցնում են, որ մենք կարող էինք ունենալ: Մենք չունենք փոխադրող, ինչը խոսում է երկրի հեղինակության մասին: Բաց երկնքի քաղաքականությունը ենթադրում է միջպետական համաձայնագրեր, բայց մենք չունենք: Մեզ մոտ այս ամենը միակողմանի է, ինչը կոռուպցիոն գործարքի հետեւանք է: Ամեն ինչ տրված է ռուսական ընկերություններին, մեր օլիգարխներն էլ ռուսական օլիգարխիայի դիստրիբյուտորներն են»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, քանի որ դրա ցանկությունը չկա իշխանության կողմից: Իսկ գործող ավիափոխադրումների բարձր գներն էլ, ըստ նրա, պայմանավորված են վառելիքի եւ ծառայությունների գներով, որոնց երկուսի դեպքում էլ մենաշնորհ է գործում:

Նշենք, որ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ է նշանակվել Սերգեյ Ավետիսյանը, որը մինչ այդ զբաղեցրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:

Տպել
Ամենաշատ