News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի գյուղերի բնակիչները, որ բողոքում են համայնքների խոշորացման դեմ, մտահոգված են, որ իրենց իրավունքները խախտվում են, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու որոշել են խոշորացնել համայնքները:

Բարեկամավան գյուղի բնակիչներից Հրանտ Աբազյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք այդ հարցով բանավոր կերպով դիմում են նաեւ ՄԻՊ-ին:

«Խոշորացումով խաչ են քաշում մեզ վրա: Ոչ մի լավ բան չենք սպասում: Ինչքան էլ սիրուն խոսքեր ասեն, փորձեն համոզել, թե Ասիական բանկից գումարներ են գալու, միեւնույն է, ոչ մեկ ոչ մի լավ բան չի սպասում: Մինչեւ այսօր խոշորացված համայնքներից ոչ մեկի դեպքում դրական փոփոխություն չկա, որոնց վրա մարդիկ  հույս դնեն»,- ասաց գյուղացին:

Հրանտ Աբազյանի խոսքով՝  խոշորացումն իրենց վրա բացասական է ազդելու, հատկապես որ սահմանամերձ գյուղերն ամենից շատ խնդիրներն ունեն: Գյուղապետի փոխարեն ներկայացուցիչ ունենալու դեպքում, գյուղացիների խոսքով, իրենց ունեցած շատ խնդիրներ առանց լուծվելու կմնան:

«Մենք չենք ունենալու ընտրված մարմին, որի առջեւ կկարողանանք դնել խնդիր: Այսօր համայնքի ղեկավարը կարողանում է առանց միջնորդի մտնել  նախարարություն եւ ուսանողի, զինվորականի հետ կապված հարց լուծել: Եթե չլինի ընտրովի մարմին, ինքը չի զգալու այդ պարտավորվածությունը, բացի այդ՝ պատահական ներկայացուցիչին ոչ մի նախարարություն չի ընդունելու: Մի հարց պետք է հազար միջոցներով միայն հասնի կոնկրետ մարդկանց»,- ասաց գյուղացին:

Գյուղացիների մյուս մտահոգությունը դպրոցների միավորումն է: Նրանք վստահ են, որ բանկիչների մեծ մասն իրենց երեխաներին չի տանի 10 կմ հեռավորության վրա գտնվող՝ հարեւան գյուղի դպրոց, փոխարենը կհեռանան գյուղից: Բացի այդ՝ կկրճատվեն ուսուցիչները:

«Խոսակցության մեջ եղել է նման բան, որ անիմաստ է 20 մանկավարժ պահել 20 երեխայի համար: Բայց հաշվի չեն առնում, որ աշխատավայր է փակվում, թե նման՝ սահմանամերձ գյուղերի համար դպրոց ունենալն ինչ է: Բոլոր գյուղերը դատարկվելու են»,- ասաց Հրանտ Աբազյանը:

Գյուղացիները մտահոգված են նաեւ նրանով, որ խոշորացման դեպքում կզրկվեն իրենց գյուղի վարչական տարածքից դուրս, բայց դրան մոտ գտնվող՝ իրենց պապենական հողերից, որոնք այժմ մշակում են:

«Խոշորացման դեպքում հատկացումներ կլինեն: Մի հատ մեծահարուստ գալու է,  ասի՝ ես հարկը վճարել եմ, գնալու եմ, վերցնեմ հողերը»,- ասաց Հրանտ Աբազյանը:

Բողոքող գյուղացիները, որ նախորդ օրը հավաքվել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի առջեւ, փակել միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, այսօր՝ հունիսի 21-ին հանդիպել են նրան:

Հրանտ Աբազյանը, որը մասնակցել էր հանդիպմանը, պատմեց, որ իրենք ներկայացրել են իրենց դիրքոշումը Ոսկեպար գյուղում 1 ու կես ժամ տեւած հանդիպմանը, Դավիթ Լոքյանը խոստացել է հարցը եւս մեկ անգամ բարձրացնել Կառավարությունում:

«Բայց հասկացանք այն, որ եթե հիմա չանեն էլ, 2017թ. անպայման անելու են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, ինչը մեր իրավունքների խախտում ենք համարում»,- ասաց գյուղացին:

Նշենք, որ համայնքների խոշորացում է նախատեսված Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի եւ Սյունիքի 118 համայնքներում: Կստեղծվի 15 փունջ համայնք:

Տպել
Ամենաշատ