Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանն այս օրերին Հայաստան չի գալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Սպասվում էր, որ Աթեշյանը Հայաստան կժամանի այսօր՝ Հռոմի պապի այցի շրջանակում մատուցվելիք պատարագներին մասնակցելու համար: Թե ինչու է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը փոխել մտադրությունը, տեր Վահրամը հրաժարվեց հավելյալ մեկնաբանություն տալ:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ արք. Արամ Աթեշյանը, որը ոչ թե ընտրվել է հայ համայնքի կողմից, այլ նշանակվել Էրդողանի կողմից, Բունդեսթագի բանաձեւի հետ կապված նամակ է գրել Էրդողանին՝ հայ համայնքի անունից քննադատելով Գերմանիայի որոշումը՝ պնդելով, թե իմպերիալիստները հայկական հարցն ու հայերի վիշտը օգտագործում են իրենց շահերի համար։ Նամակում Աթեշյանը ափսոսանք է հայտնել Գերմանիայի ընդունած բանաձեւի համար։
Ստամբուլի հայկական համայնքը պահանջում է թույլ չտալ Արամ Աթեշյանին մտնել Մայր Աթոռի սրբազան տարածք:
Նշենք, որ Հռոմի պապը Հայաստան է ժամանելու հունիսի 24-ին: