News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելու որոշում չէր լինի, եթե որոշ քաղաքական ուժեր չաջակցեին Բաղրամյան 26-ին։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը։

«Ապրիլյան քառօրյա պատերազմը նոր իրավիճակ ստեղծեց։ Առաջինը, որ կարող ենք արձանագրել քառօրյա պատերազմից հետո, ցույց տվեց, որ իշխանությունը մոտ 10 օր փաստացի գոյություն չուներ, ժողովուրդն էր ինքնակազմակերպվում, Պաշտպանության բանակն էլ գործում էր առանց գերագույն գլխավոր հրամանատարի, իսկ Սեֆիլյանի նմանները նախաձեռնություն վերցրին՝ բացահայտելու կորցրած տարածքների չափը, բարձրացնելու դրանք վերադարձնելու հարցը։ Սա իհարկե չէր կարող հանդուրժվել Բաղրամյան 26-ը վերցրած մարդու կողմից»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ըստ քաղաքական գործչի՝ այժմ Սերժ Սարգսյանը փորձում է վերադառնալ մինչեւ ապրիլի 1-ն առկա իրավիճակին, իսկ այդ հարցում նրան սատարում են հայտնի քաղաքական կազմակերպությունները, որոնք «Մարտի 1»-ից հետո հենց դրանով են զբաղված։

«Սրան ավելացավ նաեւ մեր նախկին գործընկերներից ՀԱԿ-ը։ Այս վերջին քայլը, որ արվեց Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, հենց այդ աջակցության արդյունք էր։ Եթե չլիներ նման աջակցություն նաեւ իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի կողմից, Բաղրամյան 26-ն այդ քայլին չէր գնա»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ 2016թ. հունիսի 20-ին ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը՝ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ պահելը կազմակերպելու կասկածանքով:

«2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով, վարորդն ու ուղեւորը բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղեւորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:

Քրեական գործի շրջանակում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի նպատակով նա մի խումբ անձանց զենք եւ ռազմամթերք է ձեռք բերել, պահել ու փոխադրել:

2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ