News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը:

Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին եւ Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի եւ դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը իր խոսքում նշեց, որ այդ փաստաթուղթը առաջ է քաշում այն բոլոր լրջագույն մտահոգությունները, որոնց  Թուրքիան «պետք է անհապաղ անդրադառնա», այս զեկույցը պարզորոշ մատնանշում է Թուրքիայում լայնամասշտաբ ժողովրդավարական հաստատությունների պակասը:

Ի թիվս բազմաթիվ խնդիրների եւ լուրջ խախտումների`օրենքի գերակայության, օրենսդրության, դատական իշխանության, համայնքների միջեւ հարաբերությունների ոլորտներում, զեկույցում նաեւ հատուկ անդրադարձ է կատարվում խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների վրա քաղաքական ազդեցության ու  սահմանափակումների, հետաքննող լրագրողների, ակադեմիկոսների եւ շարքային քաղաքացիների հետապնդման վերաբերյալ:

«Ցանկացած փորձ` ճշգրիտ տեղեկատվություն հայթայթելու, որը տարբերվում է պաշտոնական տեսակետից, հալածվում եւ ճնշվում է Թուրքիայում»,- իր խոսքում նշեց տիկին Նաղդալյանը` որպես այդ դեպրեսիվ քաղաքականության զոհերից մեկի հիշատակելով  Հրանտ Դինքին, հայկական ծագմամբ ականավոր թուրք լրագրողին, ով ցինիկաբար սպանվեց Ստամբուլում, 2007թ.-ին: 

«Դինքը բարձրացնում էր հայերի ցեղասպանությանն առնչվող հարցեր, նա հայկական եւ թուրքական հասարակությունների հաշտեցման կողմնակից էր, պայքարում էր, մարդկային արժանապատվության եւ ազատությունների համար` իր երկրում` Թուրքիայում»,- նշել է Հ. Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը իր ելույթում մտահոգություն է հայտնել  եւ եվրոպացի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Մայիսի 20-ին թուրքական խորհրդարանի կողմից ընդունված մի օրինագծի առնչությամբ, որը թույլատրում է օրենսդիրների դեմ քրեական հետապնդումը:

«Նոր օրենքը թիրախավորված է ընդդիմադիր օրենսդիրների դեմ:  Ընդդիմությունը ներկայացնող մեր խորհրդարանական գործընկերները Թուրքիայում իրական վտանգի տակ են: Կցանկանայի հիշեցնել, որ 1915 թվականի առաջին զոհերը եղել են Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները, այսինքն՝ հարյուրամյակ է անցել, բայց ինչ մեթոդներով որ 101 տարի առաջ են լուծել հայերի հարցը, այդպես էլ այսօր քրդերի հարցն են լուծում: Եկեք կանխե՛նք պատմության կրկնությունը», - բարձրաձայնել է տիկին Նաղդալյանը:

Իր երախտագիտությունը հայտնելով գերմանացի պատգամավորներին` Բունդեսթագի կողմից ընդունված վերջին որոշման առիթով, Հերմինե Նաղդալյանն արձանագրել է, որ այդ որոշումն առաջացրել է թուրքական իշխանությունների վրդովմունքը: Տիկին Նաղդալյանը փաստել է, որ Գերմանացի օրենսդիրները ականատեսը եղան աննախադեպ ատելության կոչերի եւ ահաբեկման դրսեւորումների: Բանաձեւի նախաձեռնողները մահվան անանուն սպառնալիքներ ստացան, նրանցից ոմանք ոստիկանության պաշտպանության տակ անցան: Նախագահ Էրդողանը արյան անալիզ պահանջեց թուրքական ծագմամբ գերմանացի օրենսդիրներից, մինչդեռ` «ինչպես նշեց Բունդեսթագի նախագահը` «…մարդկանց արյամբ տարորոշելու դարաշրջանն ավարտվել է դեռեւս 1945-ին»: Ցավոք, ոչ Թուրքիայում, պարոն Լամերթ»,- եզրափակել է Հ. Նաղդալյանը:

Իր ելույթում Հերմինե Նադալյանը անդրադարձել է նաեւ մշակութային ժառանգության պահպանման խնդրին.

«Ժամանակակից Թուրքիայում պատմականորեն գոյություն ունեն հազարավոր հայկական մշակութային եւ հոգեւոր հուշարձաններ, որոնք շարունակաբար եւ միտումնավոր ոչնչացվել են: Սա թուրքական կառավարության նախապես ծրագրված` հայկական մշակույթի նյութական վկայությունները վերացնելու քաղաքականությունն է»,- ասել է տիկին Նաղդալյանը` հավելելով, որ 1915թ-ի ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է` հայկական ժառանգության դեմ մշակութային ցեղասպանության տեսքով:

«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան ժամանակաշրջանի Թուրքիայի, կայսրությունում գործող արժեքների անմիջական ժառանգորդի»,- իր խոսքում ընդգծել է Հ. Նաղդալյանը` եվրոպացի խորհրդարանականներին կոչ անելով որպես առաջին քայլ, առաջին հերթին ի շահ Թուրքիայի, մոնիտորինգի գործընթաց սկսել այդ երկրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ