News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրք-իսրայելական հարաբերությունները խորքային տեսանկյունից այնքան էլ չեն տուժել վերջին ժամանակներս: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:  

Նրա խոսքով, լիովին հավանական է, որ հունիսի 26-ին Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները պաշտոնապես կկարգավորվեն եւ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը կբարձրանա:   «Կարող ենք այս հարցը դիտարկել երեք տեսանկյունից: Նախ` սկսած  20-րդ դարի կեսից թուրք-իսրայելական հարաբերություններում սառեցում էր նկատվում, նույնիսկ դիվանագիտական ներկայացուցչության մակարդակի իջեցում, սակայն որոշ ժամանակ անց այս հարաբերությունները վերականգնվեցին: Կարելի է ասել, որ սա սովորական կամ ավանդական երեւույթ է թուրք-իսրայելական հարաբերություններում», - նշել է Մելքոնյանը: Երկրորդ, նրա համոզմամբ, թուրք-իսրայելական հարաբերությունները խորքային տեսանկյունից այնքան էլ չէին տուժել, որովհետեւ դրանք ռազմավարական այնպիսի մակարդակում են, որ մակերեսային սառեցումը չի կարող ազդել դրանց խորքային բնույթի վրա: «Ես կարծում եմ, որ հայտնի միջադեպերից հետո էլ թուրք-իսրայելական հարաբերությունները շարունակում էին նորմալ մնալ: Եվ հունիսի վերջին փաստացիորեն կամրագրվի հարաբերությունների այդ կարգավորումը: Եվ երրորդ` Թուրքիան ապակառուցողական քաղաքականության հետեւանքով գնալով ավելի է վերածվում տարածաշրջանում մեկուսացած պետության, անկայունություն արտահանող երկրի», - ընդգծել է Ռուբեն Մելքոնյանը: Թուրքիան, շարունակել է նա, խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ տարածաշրջանում եւ տարածաշրջանից դուրս (Գերմանիայի եւ ԵՄ-ի): «Եվ կարծում եմ, որ մեկուսացման եւ հարաբերությունների լարվածության ընդհանուր ֆոնին Թուրքիայի համար նույնիսկ շահավետ է գոնե մեկ ճակատում մեղմել լարվածությունը: Եվ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ աղմուկը,  PR ակցիայից բացի, նաեւ քարոզչական նպատակ ունի. ցույց տալ, որ Թուրքիան գոնե մեկ ուղղությամբ թուլացնում է լարվածությունը եւ վերականգնում է նորմալ հարաբերությունները», - ամփոփել է Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքական «Hurriyet» թերթի համաձայն, որը վկայակոչել է տեղեկացված աղբյուրների,   Իսրայելը եւ Թուրքիան մտադիր են հունիսի 26-ին հայտնել  երկու պետության միջեւ հակամարտության կարգավորման եւ մինչեւ հուլիսի վերջ հարաբերությունների ամբողջ ծավալով վերականգնման մասին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ