Եվրո 2016-ի 13-րդ օրն իսկապես բարեհաջող չէր մի քանի երկրների համար: Նրանց թվում են Թուրքիան եւ Ալբանիան, որոնք երրորդ տեղով խմբից դուրս գալու հնարավորություն ունեին, բայց չկարողացան: Ամենամեծ անակնկալը մատուցեցին իտալացիները, որոնք պարտվեցին Իռլանդիային՝ նրան հնարավորություն ընձեռելով դուրս գալ խմբից: Իսկ թուրքերը մեկնեցին տուն՝ ի ուրախություն ինձ, քանի որ այլեւս ամեն օր վաղ առավոտից պատուհանիս տակ չեմ լսի Արդա Թուրան երգը:
Ծովից ծով ինտերնետ ռոմինգում Ucom-ի հետ Մինչև սեպտեմբերի 15-ն օգտվեք շարժական ինտերնետից 39 դրամ/ՄԲ և մուտքային զանգերից 150 դրամ/րոպե սակագներով նշված ծովափնյա երկրներում: Ամբողջական ցանկը` այստեղ |
Եվրո 2016-ը լքեց ամենամեծաթիվ երկրպագուներն ունեցող խմբերից մեկը՝ Շվեդիայի հավաքականը: Շվեդների թիվն այս օրերին իսկապես մեծ էր Ֆրանսիայում: Գլուխդ որ կողմ շրջեիր՝ դեղին գույնն էր: Զլատան Իբրահիմովիչը հայտնեց հավաքականում կարիերան ավարտելու մասին: Ուստի, հնարավոր է, մյուս առաջնություններում Շվեդիային այլեւս չտեսնենք: Այս անգամ Զլատանը թիմին միայնակ դուրս բերեց Եվրոպայի առաջնություն:
Ալբանացիները թվով այդքան էլ մեծ չէին, բայց շատ ակտիվ էին: Սա Եվրոպայի առաջնությունում նրանց առաջին խաղն էր: Ալբանիայի հավաքականը Եվրոյի միակ նորեկն է, որը լքեց պայքարը: Մյուսները՝ Իսլանդիան, Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան ու Սլովակիան, կշարունակեն պայքարը:
Արդեն պարզ է, թե 1/8 եզրափակիչում որ զույգերն են խաղալու:
Փորձենք այսպիսի կանխատեսում անել.
Շվեյցարիա-Լեհաստան զույգում կհաղթի Լեհաստանը,
Խորվաթիա-Պոտուգալիա զույգում՝ Խորվաթիան,
Ուելս-Հյուսիսային Իռլանդիա զույգում՝ Ուելսը,
Հունգարիա-Բելգիա զույգի պարագայում կանխատեսում անելը բարդ է, բայց, հավանաբար, կհաղթի Բելգիան,
Գերմանիա-Սլովակիա զույգում կհաղթի Գերմանիան,
Իտալիա-Իսպանիա զույգում՝ Իտալիան,
Ֆրանսիան-Իռլանդիա զույգում՝ Ֆրանսիան,
Անգլիա-Իսլանդիա զույգում՝ Իսլանդիան:
Այսօր եւ վաղը Ֆրանսիայում հանգիստ է: Եվ մինչ Հայաստանում սպասում են Հռոմի պապի այցելությանը, ֆուտբոլիստները Ֆրանսիայում պատրաստվում են փլեյ-օֆի խաղերին, իսկ երկրպագուները... այս դեպքում արդեն սկսվում է ամենահետաքրքիրը: Հունիսի 22-ից Ֆրանսիայում սկսվեց մեծ զեղչերի շրջանը: Գրեթե բոլոր խանութները 50% զեղչ են առաջարկում, ինչը, իհարկե, լավ առիթ է փոքր-ինչ հանգստանալու ու հաճելին օգտակարի հետ համատեղելու համար:
Ի դեպ, ասում են՝ ռուս ֆուտբոլիստները նույնպես մնացել են Ֆրանսիայում, Լազուրե ափին արձակուրդն անցկացնելու եւ գնումներ կատարելու համար: Սա՝ կես լուրջ, կես կատակ:
Հավելեմ, որ երեկ Էյֆելյան աշտարակն Իսլանդիայի հավաքականի գույներով էր շողում...
Նշենք, որ Եվրո 2016-ի լուսաբանման գլխավոր հովանավորը UCOM ընկերությունն է:
Վերա Մարտիրոսյան՝ Թուլուզից