News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում պատարագ մատուցելուց հետո իր սպիտակ պապամոբիլով կշրջի մարդկանց մեջ: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայ կաթողիկե եկեղեցու տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը՝ ներկայացնելով Պապի այցի մանրամասները: (ֆոտոռեպորտաժ)

«Քահանայապետական մեքենայի վրա կանգնած՝ կշրջի, կողջունի ժողովրդին, իր հայրական օրհնությունը կբաշխի: Միգուցե իր սովորության համաձայն կանգնեցնի մեքենան, ձեռքով բարեւի մարդկանց, ողջագուրվի: Լինում է, որ համբուրում է երեխաներին, հաշմանդամներին, կանգնում, խոսում է, կիսում է օրվա ուրախությունը»,- ասաց Տեր Հովսեփը:

Շրջայցից հետո Ֆրանցիսկոս պապը կուղեւորվի Հայ կաթողիկե եկեղեցու «Տիրամայր Հայաստանի» Պողոսյան կրթահամալիր: Կրթահամալիրի սաները նրան աղուհացով կդիմավորեն: Հռոմի պապն այնտեղ կճաշի, կհանգստանա իր համար պատրաստված սենյակում:
Կրթահամալիրի անձնակազմը Հռոմի պապի համար նվեր է պատրաստել՝ երկու անտուն որբերի բրոնզե արձան:

«Քանի որ մենք ունենք որբ, լքված երեխաներ մեր կենտրոնում, ուզեցանք, որ դա ներկայացնենք իրեն նվերի ձեւով»,-  ներկայացրեց Կուսաստանի մեծավորուհի քույր Արուսյակ Սաջոնյանը:

Հռոմի պապին Գյումրիում նաեւ քաղաքի խորհրդանիշ համարվող մուշուրբա կնվիրեն՝ կլկլան բաժակ: Արծաթե մուշուրբայի հեղինակը գյումրեցի վարպետ Ցոլակ Կոշտոյանն է: Մանկավարժ արհեստագործն ու ոսկերիչ Արման Քոչարյանը բաժակը վերջնական տեսքի են բերել 20 օրում:
«Ահագին բարդ աշխատանք է: 50 կտոր միացվում է իրար, ամեն նախշ հավաքվում է: Դետալներն առանձին են, բոլորը հերթականությամբ հավաքում ենք: Միջի մասում գունդ է՝  երկու անցքով: Երբ ջուրը լցվում է մեջը, փորձում ես թեքել, օդը դուրս է գալիս, ձայն է առաջանում կլկլոցի»,- NEWS.am-ին ասաց արհեստագործը:

Հռոմի պապը կրթահամալիրից հետո Սբ Աստվածածին եկեղեցի կայցելի, ապա Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր տաճար: Կաթողիկե եկեղեցում նրան կդիմավորեն հոգեւորականներ, որոնց ուղեկցությամբ Հռոմի պապը եկեղեցի կմտնի, աղոթք կանի:
«Սա իրոք մեծ եւ պատմական իրադարձություն է: Սա նորակառույց եկեղեցի է, ամբողջ հայ կաթողիկե համայնքի՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի, նաեւ Արեւելյան Եվրոպայի առաջնորդանիստ կենտրոնն է: Օծմանը, որ տեղի է ունեցել անցած տարվա  սեպտեմբերի 24-ին, մասնակցեց նաեւ կարդինալ Լեոնարդո Սանդրին, որպես Հռոմի պապի ներկայացուցիչ»,-  նշեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին իր այցի ժամանակ եկեղեցուն է փոխանցել քահանայապետի նվերը՝ սկիհը, որով էլ, հնարավոր է՝ Հռոմի պապը մատուցի սուրբ պատարագը Գյումրիում: 

«Սկիհը միայն հանդիսավոր առիթներով ենք օգտագործում՝ Սուրբ Հարության տոնին, Սուրբ Ծննդյան տոնին: Մեծ կարեւորություն ու արժեք ունի այդ սկիհը: Սկիհի վրա Սրբազան քահանայապետի նշանն է, որը հիշեցնում է, որ քահանայապետի կողմից է այն»,-ասաց Տեր Հովսեփը:
Նշենք, որ պատարագը մատուցվելու է Վարդանանց հրապարակում: Հրապարակի կենտրոնական հատվածը բաժանվելու է 5 սեկցիաների ու ամբողջ  տարածքը արգալապատնեշվելու է: Դրանից ներս նստելու են նրանք, ովքեր ունեն հրավիրատոմսեր: Հրավիրատոմս չունեցողները պատարագին կհետեւեն արգելապատնեշներից դուրս, նաեւ տեղադրված մեծ էկրաններից:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ