News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ իշխանությունների, հասարակայնության եւ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Այսօր Աստված մեզ յուրահատուկ օր է պարգեւել:

Մեր ժողովրդի եւ անձամբ ինձ համար մեծագույն պատիվ է ողջունել կաթոլիկ աշխարհի առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած եւ հանուն քրիստոնեական ինքնության ու արժեքների հազարամյա մաքառումներով անցած հայոց հողում։

Ձե՛րդ Սրբություն, Ձեր այցը երկար սպասված էր մեր երկրում։ Սիրո եւ խաղաղության, գթասրտության համամարդկային արժեքների եւ մարդասիրական գաղափարների նկատմամբ Ձեր հավատարմությամբ եւ հայությանը հուզող հարցերի հանդեպ Ձեր մշտական հոգածությամբ Դուք վայելում եք հայ ժողովրդի մեծ հարգանքն ու հիացմունքը։

Շնորհակալ ենք ջերմությամբ լի պատմական այս պահը բոլորիս պարգեւելու համար։ Շնորհակալ ենք, որ Ձեր ներկայությամբ օրհնություն, երջանկություն ու խաղաղություն եք բերում մեր երկիր, ջերմությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը։ Ձեր կողմից որպես այցի նշանաբան` «այց առաջին քրիստոնյա երկիր» պաշտոնական կարգախոս հաստատելը եւ ուղեւորությունն «ուխտագնացություն» բնորոշելը վկայում է մեր երկրի եւ հայ ժողովրդի հանդեպ Ձեր հոգածության, ինչպես նաեւ կաթոլիկ եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջեւ առանձնահատուկ կապի մասին: Մենք շնորհակալ եւ երախտապարտ ենք Ձեզ դրա համար:

Հարգարժա՛ն հյուրեր,

15 տարի առաջ՝ 2001 թվականին, Նորին Սրբություն Հռոմի Պապ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդի այցը Հայաստան մեր երկրում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ էր։ Այսօր Ֆրանցիսկոս Պապի այս պատմական այցը նշանավորում է մեկ այլ հիշարժան տարեդարձ՝ Հայոց անկախ պետականության վերականգնման 25-ամյակը, տոն, որ յուրաքանչյուր հայի համար նվիրական է։

Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմական սլացքում շատ դժվարություններ է տեսել՝ ցեղասպանությունից, օտարի բռնատիրությունից ու բարեկամի անտարբերությունից մինչեւ ժխտողականություն: Տեսել է, սակայն չի կորցրել մարդասիրության, հանդուրժողականության ու համերաշխության գաղափարներին հավատալու իր կարողությունը։ Եվ չի կորցրել իր հավատի, դավանած արժեքների, խաղաղասիրության ու նաեւ մեզ ձեռք մեկնած ու սատար կանգնած մեծ հումանիստների շնորհիվ։

Ինչպե՞ս չհավատալ արդարության հաղթանակին, երբ անգամ 1915-ը 2015-ից բաժանող 100-տարիներից հետո կաթոլիկ աշխարհի սրտից աշխարհին է ուղղվում արդարադատ այն ուղերձը, որ մարդկությանը պատուհասած զանգվածային ոճիրներից առաջինը՝ Հայոց ցեղասպա¬նութ¬յունը պատմական փաստ է եւ անհերքելի իրողություն. երբ անկախ ամեն ինչից կեղծիքն ու ժխտողականությունը սկսում են երերալ պատմական արդարության առջեւ։ Հայոց ցեղասպանության ճանաչման նոր ալիքը, որ հաջորդեց Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցված պատարագին հենց դա վկայեց։

Մենք մեղավորներ չենք փնտրում, մենք մեղադրանքներ չենք սփռում, պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարեւան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն եւ համատեղ բարեկեցիկ ապագա։

Ձե՛րդ Սրբություն,

Սիրելի՛ ներկաներ,

301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու հայ ժողովրդի որոշումը, անշուշտ, կարեւոր իրադարձություն էր համաշխարհային պատմության մեջ։ Սակայն հայ ժողովրդի համար այն առավել քան ճակատագրական եղավ. քրիստոնեական հավատը դարձավ հայոց ինքնության դրոշմը՝ պայմանավորելով թե՛ մեր պատմական ուղին, թե՛ այն արժեքներն ու կենսամշակույթը, որ մեզ ուղղորդեցին դեպի 21-րդ դար, դեպի ներկա,  դեպի այս ակնթարթը։

Քրիստոնեության արմատները շատ խորն են հայոց հողում եւ հայ մարդու մեջ։ Հավատարիմ մնալ քրիստոնեությանը՝ սա է հայ ժողովրդի կարեւոր նկարագիրը․ պատահական չէ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում կարելի է հանդիպել հայկական եկեղեցիների ու խաչքարերի։ Պատահական չէ նաեւ, որ կաթոլիկ եկեղեցու բարձրագույն՝ «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» տիտղոսին արժանացավ եւ քրիստոնեության 36 մեծագույն մտածողների շարքը համալրեց մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Սուրբ Գրիգոր Նա¬րեկացին: Դա մեծ պատիվ էր, ազգային արժեւորման կարեւոր իրադարձություն, որը եկավ կրկին փաստելու, որ Հայաստանին եւ Սուրբ Աթոռին միավորող կապերը բխում են նույնակունք քրիստոնեական արժեհամակարգից:

Քրիստոնեությունը մեզ համար ոչ միայն դավանանք է, այլեւ կենսակերպ. այն հայ ժողովրդի մեջ արմատավորել է խաղաղությամբ ապրելու ձգտումը եւ դժվարությունները զսպվածությամբ ու պատվով հաղթահարելու փիլիսոփայությունը: Եվ որքան մենք ավելի քրիստոնյա ենք դարձել, այնքան ավելի ենք հարգել ու արժեւորել այլոց դավանանքը, այնքան ավելի հանդուրժող ու խաղաղասեր ենք դարձել, կարողացել ենք համերաշխ ապրել այլ ժողովուրդների հետ, ինչպես նաեւ՝ առավել խնամքով մեր հողում պահել այլոց հոգեւոր-մշակութային արժեքները։

Միջկրոնական բարեկամական հարաբերությունների օրինակները շատ են. Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը ակնառու օրինակ է, կամ հենց նույն Մերձավոր Արեւելքում մինչեւ վերջին տարիների անբարենպաստ զարգացումները հայ համայնքների խաղաղ ու ծաղկուն գոյությունը, ներդաշնակ համագոյակ¬ցությունը հյուրընկալ ժողովուրդների, ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ դրա լավագույն ապացույցն են: Մենք խոր ցավով ենք հետեւում  Մերձավոր Արեւելքում վանդալիզմի ու այլատյացության դրսեւորումներին, որի միակ նպատակը այդ տարածքներից մշակութային սպանդի միջոցով պատմական հիշողության վերացումն է:

Ձե՛րդ Սրբություն, ինչպես  իրավացիորեն նկատել եք ապրիլի 12-ի Ձեր ելույթում, մեր այս բարդ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղության կարիք ունեն, խոսքն այն ժողովուրդների մասին է, որ անցյալում, չնայած տարաձայնություններին եւ ճնշումներին, համատեղ խաղաղ կյանքի երկարատեւ ժամանակահատվածներ են ունեցել, նույնիսկ դժվարությունների մեջ աջակցել միմյանց։

Այսօր էլ Հայաստանը խաղաղության է ձգտում, մեզ համար ցանկացած դեպքում խաղաղ բանակցելը գերադասելի է, քան կրակելը։ Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակցության, որքան էլ որ դեպի խաղաղություն տանող ճանապարհը դարձել է խրթին ու դժվարանցանելի: Գուցե այն պատճառով, որ տեւական խաղաղության հիմքում ժողովուրդների ազատության ու ազատ կամընտրության գաղափարն է։

Ձե՛րդ Սրբություն, լիովին համամիտ եմ, որ «Խաղաղությունը որքան Աստծո պարգեւն է, նույնքան էլ մարդկային ձեռքբերում է»։ Ես հավատում եմ մարդկային ձեռքբերումներին, ամեն մի վայրկյան սեփական կյանքի գնով խաղաղություն պահպանողներին, խաղաղություն պարտադրողներին:

Ես լավատես եմ. ես հավատում եմ, որ ազատության եւ խաղաղության մասին մարդկության՝ դարերով փափագած երազանքները մի օր իրականություն են դառնալու:

Բարով եք եկել առաջին քրիստոնյա երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վատիկանը հատուկ նամականիշ է թողարկել Հռոմի պապի նկարով՝ թիկունքին Ծիծեռնակաբերդը (Ֆոտո)
Ֆրանցիսկոս Պապը Հայաստան էր ժամանել հունիսի 24-26-ը` «Այց առաջին քրիստոնեական երկիր» խորագրով…
Միհրան Պողոսյանն Ավանում քարոզչության արգելքի մասին․ ծիծաղելի հարցերին չեմ պատասխանում
Լրատվամիջոցներում շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Միհրան Պողոսյանին անձամբ նախազգուշացրել է, որ վերջինը «ներկա չգտնվի» Ավանում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպմանը․․․
Մեր տարածաշրջանի հակամարտությունները կարող են մեծանալ ու սպառնալիք դառնալ Եվրոպայի համար. ՀՀ նախագահ
Հռոմի Պապի այցը հայաստան խաղաղության այց էր, խաղաղ համակեցություն քարոզող այց էր...
Հայ արքեպիսկոպոս. Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան ամրապնդեց մարդկանց հավատքը
Բոլոր քրիստոնյաները պետք է Պապի նման խաղաղության սուրհանդակներ լինեն...
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին
Հայ առաքելական եկեղեցու կողմից ինձ ցուցաբերած ընդունելության եւ եղբայրության համար...
Հռոմի Պապը տեսանյութ է հրապարակել Հայաստան կատարած այցի մասին
Տեսանյութում ներկայացված է Պապի եռօրյա այցի ֆոտոպամտությունը...
Ամենաշատ