Երեւանում կայացավ Հռոմի Պապի՝ հայաստանյան այցի առթիվ թողարկված նամականիշների մարման արարողությունը։ Արարողությունն ընթացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հռոմի Պապի հանդիպմանը զուգահեռ։
Հայկական կողմից արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Ըստ այդմ, մարվել եւ շրջանառության մեջ է դրվել «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկ եւ չորս նամականիշ, որոնք ձեւավավորված են խաչի տեսքով՝ մեկ մանրաթերթի մեջ: Հանրապետության Նախագահը դրանք եւս նվիրել է Ֆրանցիսկոս Պապին:
Մեկ նամականիշով գեղաթերթիկը պատկերում է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Հռոմի Սբ Պետրոս տաճարի խորապատկերին, ինչպես նաեւ Պապի Հայաստանյան այցին նվիրված տարբերանշանը եւ Ֆրանցիսկոս Պապի զինանշանը:
Չորս նամականիշով մանրաթերթի խաչի տեսքով ձեւաչափը կրում է խորհրդանշական իմաստ՝ առաջին քրիստոնեական երկիր Ֆրանցիսկոս Պապի կատարվելիք այցի համար, իսկ մանրաթերթի չորս նամականիշերը պատկերում են Ֆրանցիսկոս Պապին՝ Հայաստանի կողմից Վատիկանին նվիրաբերած Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանի, Երեւանի «Հայաստանը առաջին քրիստոնեական պետություն» անվանումով հուշարձանի, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Մայր Տաճարի եւ Վատիկանի Սբ Պետրոս տաճարի գմբեթների ներսի խորապատկերներին:
Գեղաթերթիկի վրա գրված է «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016», ինչպես նաեւ «Այց առաջին քրիստոնյա երկիր» գրությունը, որն այս այցի պաշտոնական կարգախոսն է:
Բացի այդ, Հռոմի Պապի այցի կապակցությամբ Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ, որի վրա պատկերված է Հռոմի Պապի այցելության կարգախոսը «Այցելություն առաջին քրիստոնյա երկիր»։