ՀՀ նախագահի նստավայրի Մեծ դահլիճում տեղի է ունեցել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը Հայաստանի իշխանությունների, հասարակության եւ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այս արարողությանը նախորդել է երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների փոխադարձ ներկայացումը:
Հռոմի Պապը ողջունել է հայկական պատվիրակության անդամներին՝ սեղմելով նրանց ձեռքը:
Սերժ Սարգսյանի եւ Հռոմի Պապի միջեւ տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին է հանձնել Հայաստանի տաղանդավոր վարպետների կողմից հատուկ Հռոմի Պապի այցի պատվին պատրաստված հուշանվերները:
Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին ցուցադրել է ԿԲ կողմից պատրաստված հուշամեդալը՝ որը պատրաստվել է Հռոմի Պապի այցի կապակցությամբ: Հուշամեդալի դիմերեսին Խոր Վիրապի վանքն է՝ Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը:
Դարձերեսին Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն է՝ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005թ., քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները: Էսքիզների հեղինակը Արամ Ուռուտյանն է:
Հասարակության եւ Երեւանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նախորդել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի դեմ առ դեմ հանդիպումը:
Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց մի քանի ուխտավորներ են հավաքվել, որոնք հույս ունեն ստանալ Հռոմի Պապի օրհնությունը, երբ նա դուրս կգա նստավայրից: