ԱՄՆ Խաղաղության կորպուսի ներկայացուցիչ Ջիմ Դեյլին հատուկ նվեր է պատրաստել Հռոմի պապի համար՝ Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Խաղաղության կորպուսի փոքրիկ դրոշները:
«Նա հրաշալի մարդ է, ես հնարավորություն կունենամ մեր նվերը մատուցել վաղը՝ Գյումրիում: Ես շատ եմ սիրում Հայաստանը եւ երջանիկ եմ, որ այստեղ եմ՝ առաջին քրիստոնյա երկրում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեյլին:
Հայ կաթոլիկ քույրերի միաբանության ներկայացուցիչ Դիանա Երեւանյանի խոսքով՝ Հռոմի պապի այցը բազմաթիվ դռներ կբացի հայ ժողովրդի համար: «Կարծում եմ՝ դա մեծ պատիվ է հայ ժողովրդի համար»,- փաստեց նա:
Հռոմի պապին հանդիպելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած եղբայր Էլուան էլ ընդգծեց, որ Հայոց ցեղասպանություն իսկապես տեղի է ունեցել: Պատասխանելով հարցին, արդյո՞ք Հռոմի պապի Հայաստան այցը կարող է ճնշում գործադրել ԱՄՆ ղեկավարության վրա Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից, նա նշեց. «Հույս ունեմ՝ այո: Գերմանիայի խորհրդարանն արեց դա: Իմ երկիրը դա արել է դեռեւս Ժակ Շիրակի կառավարման տարիներին: Դա շատ կարեւոր է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչ է այսօր տեղի ունենում Սիրիայում: Հուսով եմ, որ Հռոմի պապի այցն ուղերձ կլինի ամբողջ աշխարհի համար՝ արթնանալու եւ նման գործողությունները դադարեցնելու համար»:
Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդիվար Մանուկյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հռոմի պապը պետք է հանդես գա առաջարկություններով, որպեսզի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ պատերազմն օր առաջ ավարտվի:
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան է ժամանել հունիսի 24-ին: Պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: