Գյումրիի Վարդանանց հրապարակում, ուր քիչ անց կժամանի եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, հազարավոր ուխտավորներ են հավաքված: Նրանք Գյումրի են ժամանել տարբեր երկրներից՝ Հռոմի Պապին տեսնելու, նրա ձեռքը սեղմելու, նրա օրհնությունը ստանալու հույսով: (ֆոտոռեպորտաժ)
«Նախորդ օրվանից եկել ենք Գյումրի, որ պապին տեսնենք: Մեզ շատ բախտավոր ենք համարում, որ հնարավորություն ունենք իրեն տեսնելու: Մեզ համար միայն իր օրհնությունը ստանալը շատ մեծ բան է»,-NEWS.am-ին ասաց Վրաստանից ժամանած ուխտավորներից մեկը՝ նշելով, որ Հռոմի Պապին բարեւներ է բերել Վրաստանի հավատացյալներից. «Բոլորը ինձ խնդրել են, որ անպայման բարեւեմ Հռոմի Պապին»:
Հրապարակում առաջին շարքում ուխտավորներ են կանգնած. «Ես ուզում եմ տեսնել Հռոմի Պապին, ինձ ասել են, որ ինքը մեր բոլորի պապն է»:
Խորանում, որտեղից սուրբ պատարագ է մատուցելու Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արդեն վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, խորանի առջեւ տեղադրված են նստարաններ հատուկ հյուրերի համար, բացի այդ հրապարակը մասերի է բաժանված արգելապատնեշներով, որոնցով թույլ է տրվում մտնել այն քաղաքացիներին, որոնք հրավիրատոմսեր ունեն: Մյուսները Հռոմի Պապի մատուցած սուրբ պատարագին կարող են հետեւել ավելի հեռվից՝ հրապարակում տեղադրված էկրանի միջոցով:
Նշենք, որ Հռոմի պապը հրապարակում պատարագ մատուցելուց հետո իր սպիտակ պապամոբիլով կշրջի հրապարակում, այնուհետեւ կգնա Հայ կաթողիկե եկեղեցու «Տիրամայր Հայաստանի» կրթահամալիր , այնտեղ կճաշի, կհանգստանա: Քահանայապետը դրանից հետո կայցելի Սբ Յոթ վերք եկեղեցի, ապա նորակառույց Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե եկեղեցի: Քահանայապետի այցը այսքանով կավարտվի: Նշենք, որ Գյումրիում Հռոմի պապի համար նվերներ են պատրաստել, որոնցից մեկը Գյումրիի խորհրդանիշ մուշարբան է՝ կլկլան բաժակը: