Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագի ավարտին փոքրիկ մի տղա Հռոմի Ֆրանցիսկոս Պապին Հայաստանի դրոշ է նվիրել:
Պատարագի ավարտին, երբ Հռոմի Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մարդկանց միջով հեռանում էին, նրանց է մոտեցել փոքրիկ մի տղա եւ Հայաստանի դրոշ նվիրել: Հռոմի Պապը վերցրել է դրոշն ու փոխանցել իր աշխատակիցներից մեկին:
Նշենք, որ այսօր՝ հունիսի 26-ին վաղ առավոտյան տեղի ունեցած պատարագի ժամանակ երկու եկեղեցիների քահանայապետերը եւ նրանց ուղեկցող հոգեւորականները տարածք են մտել երգեհոնի եւ շարականների ուղեկցությամբ:
Դիմելով հավատացյալներին Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Հռոմի Պապը հիշեցրել են խաղաղության եւ հավատքի մեջ ապրելու անհրաժեշտությունը: Պատարագի ավարտին ցանկացողները կարող էին Գարեգին Բ-ի ձեռքից նշխար ստանալ:
Լքելով խորանը Ֆրանցիոսկոս Պապը շնորհակալություն է հայտնել եւ օրհնել բոլորին:
Նշենք, որ Հռոմի Պապն առաջին պոնտիֆիկոսը չէ, որ մասնակցում է Սուրբ Պատարագի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: 15 տարի առաջ Հայաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Էջմիածնում պատարագ է անցկացրել Հռոմի Հովհաննես Պողոս Պապը:
Հիշեցնենք, որ Հռոմի Պապը Հայաստանում է գտնվում եռօրյա այցով: Այսօր նրա այցի վերջին օրն է: Պատարագից հետո Սրբազան քահանայապետը մտադիր է այցելել Խոր Վիրապի սրբավայր, որտեղ ճգնել է Գրիգոր Լուսավորիչը:
Հռոմի Պապը Հայաստան այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ սպիտակ վարդեր խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է Գյումրի: Հունիսի 25-ի երեկոյան Երեւանի Հանրապետության հրապարակում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել Էկումենիկ արարողություն եւ աղոթք՝ հանուն խաղաղության: