News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրաման է ստորագրել, որի համաձայն, Վրաստանի Զինված ուժերում ծառայությունը պարտադիր չի լինի: 

«Իմ խոստումներից մեկն էր պարտադիր զորակոչի վերացումը… Բոլորն առանց այն էլ պետք է ցանկանան ծառայել Վրաստանի զինված ուժերում, որովհետեւ արժանի են: Իսկ ով չի ցանկանում, մենք բռնի չենք պարտադրի: Ես ձեր ներկայությամբ հրաման եմ ստորագրում այն մասին, որ այսուհետ պարտադիր զորակոչ չի լինելու», — Խիդաշելիի խոսքերն է մեջբերում «Փիրվելի ռադիո» ռադիոկայանը:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այս հրամանը ստորագրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որով նա ամփոփում է գերատեսչությունում տարվա իր աշխատանքը եւ խոսում է ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթնաժողովի հեռանկարների մասին, որը կընթանա հուլիսի   8-9-ին:

Արժե նշել, որ դեռեւս ընթացիկ տարվա ապրիլին Թինաթին Խիդաշելին հայտնել էր զորակոչը չեղյալ հայտարարելու պատրաստակամության մասին, սակայն տվյալ որոշման ընդունումը նախատեսված էր   2017 թվականին:

Այսօրվա դրությամբ Վրաստանում զինվորական ծառայությունը չորս կարգի է բաժանվում` պարտադիր, պայմանագրային, կադրային եւ պահեստային:    

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության են զորակոչում երկրի  18-ից 27 տարեկան քաղաքացիներին: Զորակոչիկներին, պաշտպանության նախարարությունից բացի, բաշխում են նաեւ ուժային այլ գերատեսչություններում` Ներքին գործերի նախարարությունում, Պետանվտանգության ծառայությունում, Պատիժների եւ փորձարկման անցկացման նախարարությունում, ինչպես նաեւ պետական պահպանության հատուկ ծառայությունում: 

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը  12 ամիս է: Վրաստանում տարեկան երկու զորակոչ է լինում` աշնանը եւ գարնանը` հայտնում է   «Սպուտնիկ-Գրուզիան»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ