Բրիտանիայում ավարտվել է ԵՄ կազմից դուրս գալու հարցով կառավարության նիստը, սակայն դրա արդյունքները դեռ հայտնի չեն։ Առանցքային նախարարներից ոչ մեկը լրագրողներին չի մոտեցել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Ակնկալվում է, որ վարչապետ Դեւիդ Քեմերոնն այսօր հայտարարություն կանի խորհրդարանում. այդ ժամանակ, հնարավոր է, հայտնի դառնան 2 ժամ տեւած խորհրդակցության արդյունքները։
Կառավարության առնվազն 2 անդամ դիտարկում են պահպանողականների ղեկավարի պաշտոնում իրենց թեկնածությունն առաջադրելու հարցը։ Նրանք են ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը եւ ՆԳ նախարար Թերեզա Մեյը։ Նրանց հիմնական մրցակիցը կարող է դառնալ Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը, որը ղեկավարում էր ԵՄ կազմից դուրս գալու արշավը։
Քեմերոնը պնդում է, որ ԵՄ կազմից դուրս գալը չպետք է հապճեպ լնի, այդ պատճառով էլ չի շտապում ծանուցում ուղարկել ԵՄ, սակայն Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ ավարտվի։