Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը եւ եղանակային պայմանների հետեւանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաեւ գետերի, լճերի ու ջրամբարների հարեւանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին:
Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատեւ առատ տեղումներից, սառցադաշտերի եւ ձյան հալոցքի ժամանակ, մեծածավալ եւ կենտրոնացված ջրի հոսքից ջրամբարների փլուզումներից, հիդրոկայանների պատնեշների ճեղքումից եւ երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:
Մինչեւ ջրհեղեղը`
• նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն եւ այլն)
• պատրաստել ավազով լցված պարկեր
• կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ
• թունավոր եւ վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ
• անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր
• միշտ պատրաստ պահել աղետի կապոցը
• պահեստավորել խմելու ջրի եւ սննդի պաշար (մի քանի օրվա համար):
Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`
• անջատել գազը եւ էլեկտրականությունը
• իմանալ բնակավայրերի ռելիեֆը եւ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները
• հետեւել հիդրոօդերեւութաբանական ազդարարման նշաններին
• հետեւել տարհանման եւ ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին
• պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր
• բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ եւ այլն):
Ջրհեղեղի ժամանակ`
• աղետի կապոցը պահպանել թրջվելուց
• մինչեւ կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում
• ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ եւ օգտվել ձեռնափայտից
• տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար
• օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ եւ այլն):
Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
Ջրհեղեղից հետո`
• ստուգել սննդի պիտանելիությունը
• սննդամթերքը լվանալ եռացրած ջրով
• խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո
• չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը
• օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը
• հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին
• չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը
• առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:
Ուշադիր հետախուզել կացարանը`
1. հիմքի ամբողջականությունը
2. պատերի, պատուհանների եւ հատակի վիճակը
3. հաղորդակցության համակարգը
4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը: