News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանից վերադառնալուց հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera պարբերականին՝ պատմելով Եվրոպայի, դարեր անց ուղղափառների եւ բողոքականների մերձեցման առաջին քայլերի, ինչպես նաեւ հայերի պատմության հանդեպ իր վերաբերմունքի եւ Լեհաստան կատարելիք ուղեւորության մասին, որտեղ լինելու է նաեւ Օսվենցիմում: Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Պապի հարցազրույցը՝ որոշ կրճատումներով:

Ինչո՞ւ որոշեցիք Հայաստան կատարած այցի ժամանակ արտասանել «ցեղասպանություն» բառը: Արդյո՞ք դա կօգնի խաղաղությանը նման բարդ տարածաշրջանում:

Երբ Արգենտինայում խոսում էին հայերի կոտորածի մասին, միշտ օգտագործում էին «ցեղասպանություն» բառը: Այլ բառ ես չգիտեի: Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին խաչքար կանգնեցրինք: Երբ ես Հռոմ եկա, այլ բառեր լսեցի՝ «Մեծ եղեռն», եւ ինձ ասացին. ո՛չ, «ցեղասպանություն» բառը վիրավորանք է: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ, քանի որ ես միշտ խոսել եմ անցյալ դարի երեք մեծ ցեղասպանությունների մասին. Հայոց ցեղասպանության, այնուհետեւ՝ Հիտլերի եւ Ստալինի ցեղասպանությունների: Ոմանք ինձ ասում են, որ այն ժամանակ ցեղասպանություն չի եղել, ինչ-որ մեկն ասաց, որ եթե ցեղասպանություն է, ապա պետք է փոխհատուցում լինի: Այդ մասին ինձ մի իրավաբան ասաց...

Անցյալ տարի, երբ ելույթս էի պատրաստում, տեսա, որ Հովհաննես Պողոս 2-րդ պապն օգտագործել է այդ երկու բառերը, եւ ես դրանք մեջբերեցի չակերտներում: Դա հանգիստ չանցավ, Թուրքիան իր դեսպանին հետ կանչեց Անկարա, ի դեպ՝ լավ մարդ է: Երկու-երեք ամիս անց նա վերադարձավ: Դա դիվանագիտական բողոք էր: Դե՝ բողոքելու իրավունք բոլորս ունենք:

Սկզբում իմ ելույթում այդ բառը չկար, բայց երբ լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնայնությունը, եւ հաշվի առնելով, որ անցյալ տարի արդեն բացահայտորեն արտասանել էի այդ բառը, շատ տարօրինակ կլիներ, եթե չկրկնեի այն: Բայց այստեղ ես կցանկանայի մեկ այլ բան ընդգծել: Այս ցեղասպանության, ինչպես նաեւ մյուս երկուսի պարագայում, խոշոր միջազգային ուժերը երես թեքեցին: Ահա թե ինչում էր մեղադրանքը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք երկաթուղիների լուսանկարներ ունեին, որոնք Օսվենցիմ էին ուղեւորվում, դրանք ռմբակոծելու հնարավորություն կար: Բայց դա չարեցին: Հարկավոր է հարց տալ. ինչո՞ւ դուք՝ տերություններ, դա չարեցիք: Սա մեղադրանք չէ, հարց է: Չգիտեմ, արդյո՞ք դա ճիշտ է, բայց ասում են՝ երբ Հիտլերը սկսել է հետապնդել հրեաներին, ասել է. յսօր ո՞վ է հիշում հայերի մասին: Ուրեմն նույնն անենք հրեաների հետ:

Այդ բառը՝ «ցեղասպանություն», ես արտասանեցի՝ առանց վիրավորելու ցանկության, այլ պարզապես անաչառության պատճառով:

Որո՞նք են Ձեր աղոթքները հայ ժողովրդի ապագայի համար:

Հայ ժողովրդին մաղթում եմ արդարություն եւ խաղաղություն ու աղոթում եմ դրա համար: Դա համարձակ ժողովուրդ է: Գիտեմ, որ շատերն են աշխատում հանուն խաղաղության եւ շատ ուրախացա, երբ անցյալ շաբաթ տեսա նախագահ Պուտինի լուսանկարը հայ եւ ադրբեջանցի նախագահների հետ միասին: Նրանք գոնե խոսում են միմյանց հետ: Եվ Թուրքիայի դեպքում էլ Հայաստանի նախագահը համարձակություն ունեցավ ասելու. համաձայնության հասնելու միջոցներ կգտնենք, դեպի ապագա կնայենք: Դա մեծ համարձակություն է: Դա ժողովուրդ է, որը շատ է տուժել: Հայերի կերպարն է՝ քարից մաշկ եւ մայրական քնքշություն: Քնքշությունը նրանք չեն կորցրել արվեստում, երաժշտության մեջ... Դա ժողովուրդ է, որը շատ է տուժել պատմության ընթացքում, եւ միայն հավատքն է օգնել ոտքի վրա մնալ: Միայն այն, որ հայերը քրիստոնեությունը պետականորեն ընդունած առաջին պետություն են, բավարար չէ: Նրանք այդպիսին են դարձել, որովհետեւ Աստված օրհնել է նրանց, քանի որ սրբեր եւ նահատակներ են ունեցել: Նրանք դիմադրել են՝ քարից մաշկ ունենալով, բայց չեն կորցրել մայրական սրտի քնքշությունը:

Դուք ակտիվորեն սատարեցիք Ուղղափառների տիեզերական ժողովը: Ի՞նչ եք մտածում դրա մասին:

Դա առաջընթաց քայլ էր: Նրանք, ովքեր չմասնակցեցին, անկեղծորեն բացատրեցին իրենց բացակայության պատճառը: Դրանք հարցեր են, որ ժամանակի ընթացքում կարելի է լուծել: Երախտապարտ եմ Աստծուն թեկուզ այն բանի համար, որ այդ ավտոկեֆալ եկեղեցիները հավաքվեցին հանուն ուղղափառության, որպեսզի նայեն միմյանց, միասին աղոթեն... Մնացյալը ժամանակի հետ կլինի:

Լեհաստան կատարելիք այցի ընթացքում լինելու եք Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում: Այնտեղ ելույթով հանդես գալո՞ւ եք:

Երեկ մենք հայկական Հուշահամալիրում լռություն տեսանք: Ես կցանկանայի նման սարսափելի վայրերում առանց ելույթի, առանց մարդկանց լինել՝ բացառությամբ ամենից անհրաժեշտ, փոխադարձ ողջույնների: Միայն ներս մտնել, աղոթել, Աստծուց արցունքներ խնդրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ