News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կան հիմնարար բուհեր, որոնք ապահովում են բազային տեխնիկական կրթություն, որը գիտելիքահեն տնտեսություն կառուցելու գլխավոր պայմանն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան այցի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանն այդ շարքում ունի իր կարեւոր ու առանցքային դերակատարումը տնտեսության բոլոր ոլորտների համար. «Այս համալսարանում ձեւավորվում է մեր ազգային նորագույն տեխնոլոգիական համալսարանի նախատիպը: Դա շատ կարեւոր կրթական խնդիր է եւ այդ նպատակին հասնելու համար պոլիտեխնիկական համալսարանին տեխնիկական լուրջ վերազինում է անհրաժեշտ:

Տնտեսության մոդելը կարող է ունենալ երեք հիմնական տարբերակ՝ մենք կարող ենք լինել գիտելիք սպասարկող, գիտական հետազոտություններ ներմուծող եւ ֆունդամենտալ գիտական մշակումներ արտահանող երկիր: Գիտական մշակումների վրա հիմնված տնտեսություն կառուցելու համար մենք պետք է զարգացնենք տեխնիկական բուհերը եւ ուժեղացնենք բնագիտական ուղղվածությունը»:

Լեւոն Մկրտչյանն իր խոսքում տեխնիկական կրթության ոլորտի բարելավման առումով կարեւորել է օտար լեզուների իմացության բարելավման բաղադրիչը, որն աշխատաշուկայում կբարձրացնի ճարտարագետ կադրերի մրցունակությունը:

«Ես համաձայն չեմ, որ կրթությունը պետք է լոկ սպասարկի աշխատաշուկայի պահանջները: Ես գտնում եմ, որ կրթությունը պետք է նաեւ ուղղորդի աշխատաշուկան: Եթե մենք ապահովենք որակ, ապա այդ որակյալ կադրերը կապահովեն նոր ուղղություններ, ընդ որում ոչ միայն մեր տնտեսության, այլեւ տարածաշրջանի՝ ԵՏՄ ընդհանուր տարածքի համար»,- ընդգծել է նախարարը: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի տեղեկացմամբ՝ բուհն ակտիվ աշխատանք է տանում տնտեսական ընկերությունների հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Թեեւ այս ոլորտում արդեն հաջողություններ կան, հատկապես էներգետիկ ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ համագործակցության ասպարեզում, սակայն անելիքներն ավելի շատ են, քան արվածը: Ռեկտորի խոսքով ներկայումս բուհը լուրջ խնդիր ունի հատկապես քիմիական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերներ գտնելու հարցում: Ռեկտորի խոսքով՝ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների փորձարարական կենտրոնը մասնաճյուղեր ունի նաեւ Կապանում եւ Վանաձորում:

Տպել
Ամենաշատ