News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելական կառավարության անվտանգության հարցերով երեք անդամ մտադիր է դեմ քվեարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագրին: Քվեարկությունը պետք է տեղի ունենա վաղը` չորեքշաբթի հունիսի 29-ին: Ynet-ը հայտնում է, որ խոսքը լուսավորության նախարար Նաֆթալի Բեննեթի, արդարադատության նախարար Աելեթ Շաքեդի եւ պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի մասին է: 

Բեննեթը հայտնել է, որ իրեն չեն բավարարում համաձայնագրի հեղհեղուկ կետերը, որոնց համաձայն, Թուրքիայի իշխանությունները պարտավորվում են աջակցել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության կողմից պահվող իսրայելցիների եւ զոհված զինվորների մարմինների վերադարձին:   

 «Հրեական տան» առաջնորդը դժգոհ է նաեւ «Մավի Մարմարայի» կալանման ընթացքում զոհված Թուրքիայի քաղաքացիներին փոխհատուցում վճարելու մասին կետից: Բեննեթի կարծիքով, դա կարող է նախադեպ դառնալ: Բեննեթը միաժամանակ նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը համապատասխանում է Իսրայելի ազգային շահերին:   

Պաշտպանության նախարարը մտադիր է դեմ քվեարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը կառավարության` անվտանգության հարցերով առաջիկա նեղ կազմով նիստին: 

 Պորտալի տեղեկությունների համաձայն, այս պահին քվեարկությունից առաջ ուժերի դասավորությունը հետեւյալն է. դեմ` Լիբերման, Բեննեթ եւ Շաքեդ, կողմ` Նեթանյահու, Կահլոն եւ Գալանտ: Պարբերականը ենթադրում է, որ Շտայնիցը կաջակցի որոշմանը: Նախարարներ Կացի եւ Էրդանի տեսանկյունը դեռեւս անհայտ է: 

Ynet-ն ավելի վաղ մեջբերել էր կառավարության անդամներից մեկի խոսքերը, որը չէր ցանկացել հայտնել իր անունը. «Այս գործընթացն ամոթալի բնույթ է կրում: Վարչապետը մեզ   ռետինե կնիքի է վերածում»:

Երեկ` հունիսի 27-ին Իտալիայի մայրաքաղաքում մամուլի ասուլիսի  ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման համաձայնությունները ձեռք են բերվել: Նեթանյահուի խոսքով, այդ փաստաթղթերը անկյունաքար կդառնան տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: 

Վարչապետի հայտարարության համաձայն, Իսրայելը Թուրքիայի իշխանություններից երաշխիքներ է ստացել, որ իրենք բոլոր համապատասխան կառույցներից կպահանջեն օգնել վերադարձնելու իսրայելցի զինվորների եւ Իսրայելի քաղաքացիների մարմինները, որոնք   ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմից պահվում են Գազայի հատվածում: Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ Անկարան չի վերահսկում ՀԱՄԱՍ-ը եւ իր մոտ չի պահում զոհված իսրայելցիների մարմինները: Նեթանյահուն հավաստիացրել է, որ Իսրայելի կառավարությունը կշարունակի ջանքերը զինվորների մարմինների վերադարձման ուղղությամբ:

Իսրայելի վարչապետը տեղեկացրել է, որ համաձայնագրին համապատասխան երաշխավորվում է Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորների եւ սպաների իրավական անվտանգությունը եւ անձեռնմխելիությունը երկրի սահմաններից դուրս: Նեթանյահուն վստահություն է հայտնել, որ Թուրքիայի իշխանությունները  բավարար ջանքեր կգործադրեն ահաբեկչության դեմ պայքարում: Իսրայելի վարչապետն ընդգծել է, որ տարածաշրջանում կայունացման գործընթացները տեղի են ունենում Կիպրոսի, Հունաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ, հայտնում է Իններորդ ալիքը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ