News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Լարսի անցակետի փակման հետեւանքով հունիսի 23-ից արգելափակման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին այս օրերի ընթացքում օգնել են Վլադիկավկազում ապրող հայերը: Այսօր` հունիսի 30-ին, Ռուսաստանի ԱԻ նախարարության ԱՆ-148 օդանավով Լարսի անցակետից Հայաստան տեղափոխված Էդվարդ Նազարյանը պատմեց, որ ճանապարհի փակ լինելու պատճառով մեկ շաբաթ ստիպված է եղել մնալ իր սեփական ավտոմեքենայի մեջ:

Էդվարդ Նազարյանը նշեց, որ առաջին օրերին սննդի խնդիր են ունեցել, մի կերպ են կարողացել սնվել, մինչեւ որ մոտակայքում ապրող հայերը օգնության են հասել` աջակցել սննդով եւ այլ հարցերով. «7 օր մեքենայի մեջ ենք քնել, կիսասնվել, հետո Վլադիկավկազի հայերն օգնել են սնունդի հարցում եւ այլ հարցերում: Շատ կարեւոր էր զգոնության պահպանումը, որովհետեւ տեղը, որտեղ մենք էինք կանգնած ավելի ապահով էր, ճանապարհի մյուս հատվածները վտանգավոր էին եւ ամեն ինչ անում էինք, որ ժողովուրդն այդ հատվածում մնա, չտեղաշարժվի»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Էդվարդը, որն աշխատում է ՀՀ ԱԻՆ-ում եւ իր մասնագիտության բերումով կարողացել է նաեւ արգելափակման մեջ հայտնված քաղաքացիներին որոշ հարցերում աջակցել:

Ռուսաստանի Սամարա քաղաքում արտագնա աշխատանքի մեկնած եւ հայրենիք վերադառնալու ճանապարհին արգելափակման մեջ հայտնված Գրիգորյան Գրիգորյանն էլ պատմեց, որ ճանապարհի փակվելու առաջին օրվանից եղել է այնտեղ. «Ավտոների մեջ էինք քնում, մի կերպ դիմանում էինք, շատ դժվար էր: Բայց լավ է` օգնեցին մեզ տեղափոխելու հարցում, թե չէ ահավոր պայմաններին էին եւ շատ դժվարությունների միջով անցանք, ահավոր էր»:

Լարսից Հայաստան տեղափոխված քաղաքացիների  մեջ էր նաեւ ազգությամբ հայ, սակայն, Բելառուսի քաղաքացի  Ստեփան Դավթյանը, որը Լարսի անցակետում 9 օր մնալուց հետո, կարողացել էր տեղափոխվել Հայաստան: Սակայն, Ստեփան Դավթյանի որդուն, որը նույնպես Բելառուսի քաղաքացի է, թույլ չէին տվել գալ Հայաստան. «Անցակետում քաղաքացիության պատճառով թույլ չտվեցին գա, հիմա խնդրում եմ, որ նրա տեղափոխման հարցն էլ կազմակերպեն, որովհետեւ ահավոր պայմաններում է նա այնտեղ»,-ասաց Ստեփան Դավթյանը:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ստեփան Դավթյանին տեղափոխել են Հայաստան` հաշվի առնելով նրա տարիքը եւ այն փաստը, որ նախկինում եղել է ՀՀ քաղաքացի, բայց նրա որդու տեղափոխման հարցը հնարավոր չէ լուծել, որովհետեւ նա Բելառուսի քաղաքացի է եւ Լարսից Ռուսաստանի ԱԻՆ-ի միջոցով Հայաստան են տեղափոխվում միայն ՀՀ քաղաքացիները:

Նշենք, որ այսօր արդեն երրորդ անգամ Ռուսաստանի ԱԻ նախարարության ԱՆ-148 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք է կատարել եւ Վերին Լարսից 45 ՀՀ քաղաքացի տեղափոխել Հայաստան:

Առաջին օդանավը ժամանել էր ժամը 02.20-ին, որը տեղափոխել էր 48 մարդու, իսկ երկրորդը` ժամը 07.55-ին` եւ 48 մարդու:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետեւանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, եւ այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը կշարունակի տրամադրել օպերատիվ տեղեկատվություն:

Տպել
Ամենաշատ