News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Հայաստանում ֆրանսիական համալսարանի 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Շնորհավորելով համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին եւ շրջանավարտներին գործունեության 15-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է, որ բարձրագույն կրթության եվրոպական չափանիշների ներդրմամբ՝ Ֆրանսիական համալսարանը նոր որակ եւ շունչ է հաղորդել հայ-ֆրանսիական համագործակցությանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի ու կրթության եւ գիտության նախարարությունների համագործակցության շնորհիվ համալսարանը դարձել է հայ-ֆրանսիական գործընկերության յուրօրինակ փարոս: «Մեր երկրի բուհական համակարգում վաղուց իր ուրույն տեղն ու բարձր վարկանիշն ունեցող Ֆրանսիական համալսարանի կարեւոր առանձնահատկությունն է Հայաստանի ու Ֆրանսիայի կրթական համակարգերի տարիների ընթացքում կուտակած փորձի համադրումը: 15-ամյա գործունեության արդյունքում համալսարանը կառավարման, մարքեթինգի, ֆինանսների եւ իրավագիտության բնագավառներում դիպլոմներ է շնորհել շուրջ 1500 շրջանավարտի»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօր Ֆրանսիական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներն իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, ակտիվ ներգրավված են մեր պետականության ամրապնդման, տնտեսության հզորացման, բարձր արժեքային համակարգ ունեցող քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում: Վարչապետը նշել է, որ այս ցուցանիշները հանդիսանում են համալսարանի մանկավարժական եւ վարչական անձնակազմի նվիրված աշխատանքի, Հայաստանի ու Ֆրանսիայի իշխանությունների, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի շարունակական աջակցության, ինչպես նաեւ համալսարանի գործընկերների հետ փոխշահավետ համագործակցության արդյունք: Մեկ անգամ եւս շնորհավորելով համալսարանի ողջ անձնակազմին եւ ուսանողներին՝ Հովիկ Աբրահամյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում:

Բարձրագույն կրթության ֆրանսիական եւ եվրոպական կրթական չափորոշիչների հայաստանյան տեղայնացման, մասնագիտական կրթության ոլորտի ու Հայաստանում ֆրանսիական համալսարանի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաեւ համալսարանի հիմնադրման 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրել «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստին: ՀՀ վարչապետի հուշամեդալով է պարգեւատրվել նաեւ Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ, հումանիտար գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժակ Կոմբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ