News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմում սպանված եւ օրեր անց հայկական կողմին վերադարձված հայ զինծառայողների խոշտանգումների առնչությամբ 6 քրեական գործ է հարուցվել, որոնցից 3-ը՝ գլխատման փաստի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ Քյարամ Սլոյանին եւ Հրանտ Ղարիբյանին գլխատել են մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին՝ ողջ ժամանակ:  Եվս մեկ քրեական գործ է հարուցվել 15 զինծառայողների մարմինների խոշտանգելու գործով: Նրանց մի մասի ականջներն են կտրված եղել, Տիգրան Բերակչյանի մոտ կտրված են եղել եւ ականջները, եւ աջ ձեռքի մատները, Արման Անդրեասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը եւ կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա, Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը, Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել: Հետագայում այս գործերի հիման վրա իրավապաշտպան կազմակերպությունները դիմում կպատրաստեն եւ կուղարկեն ՄԻԵԴ:

Հուլիսի 4-ին Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այստեղ Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին: Երեւանից Ռուսաստանի արտգործանախարը կմեկնի Բաքու:

Ազգային ժողովն այսօր վավերացրել է Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը: Չնայած երկու օրերի բուռն քննադատությանը՝ համաձայնագրին դեմ քվեարկել է միայն 8 պատգամավոր: Ինչպես իշխանությունների համար կարեւոր բոլոր քվեարկությունների ժամանակ, այսօր էլ Հանրապետականները, այդ թվում նիստերին ավանդաբար չմասնակցող գործարար պատգամավորները, մեկ մարդու պես ներկայացան խորհրդարան եւ ապահովեցին համաձայնագրի վավերացումը:

Արտահերթ նստաշրջանին Կառավարության ներկայացրած բոլոր նախագծերը մեկը մյուսի հետեւից ընդունվեցին: Կոճակ սեղմելու մեխանիկական աշխատանքն ընդհատվեց միայն մեկ անգամ, երբ Գալուստ Սահակյանը Բավրան շփոթեց Բավարիայի հետ: 20 րոպեում նիստն ավարտվեց: Ազգային ժողովը գնաց արձակուրդ:

Չորսօրյա հանգստի սպասելիքները չարդարացան. Կառավարությունը խախտել է Տիգրան Սարգսյանի ձեւավորած ավանդույթն ու Վարդավառի տոնին հաջորդող երկուշաբթի օրվա Մեռելոցն այս անգամ ոչ աշխատանքային օր չի հայտարարել:  Շատերը մեծ ուիքենդի հույսեր ունեին՝ շաբաթից երեքշբաթի, մինչդեռ ոչ աշխատանքային կլինի միայն հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը:

Ռուսաստանի ԱԻՆ-ի 4 օդանավերով արդեն Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետում արգելափակված Հայաստանի մոտ 200 քաղաքացի: Ռուսաստանի իշխանությունները միայն 7 օր անց են կազմակերպել հայերի տեղափոխման հարցը: Մինչ ռուսական հեռուստաընկերությունները կադրեր էին ցուցադրում Լարսի անցակետում երգող- պարող հայերի եւ նրանց բաժանվող տաք սննդի մասին, «Զվարթնոց» օդանավակայանում NEWS.am-ի թղթակցին վերադարձածները պատմել են, որ իսկական դժոխքի միջով են անցել, առաջին օրերին կիսասոված են եղել, մինչեւ որ օգնության են հասել Վլադիկավկազի հայերը: Լարսն անանցանելի դարձրած փլուզման հետեւանքները դեռ չեն վերացվել: Վթարա- վերականգնողական աշխատանքները կարող են տեւել մինչեւ շաբաթ:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը խորհուրդ է տալիս Yandex Taxi-ի սեփականատերերին պայմանագրեր կնքել լիցենզավորված վարորդների հետ, հակառակ դեպքում ընկերությունը կտուգանվի:  Բեգլարյանը վստահեցրել է, որ օրենսդրորեն հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տաքսի ծառայություններ մատուցողների համար: Ընդ որում, նոր օրենքը վերաբերելու է նաեւ GG ընկերությանը, ինչպես նաեւ ինտերնետով աշխատող բոլոր տաքսիստներին: Հիշեցնենք, որ Yandex Taxi օնլայն ծառայությունը Հայաստանում կսկսի գործել հուլիսի 1-ից: Այն առաջարկել է 100 դրամ մինիմալ վճար առաջին երկու կիլոմետրի համար եւ կհամագործակցի տաքսի ծառայությունների հետ, բայց ոչ անհատ վարորդների: Ռուսաստանի 15 քաղաքներում աշխատող Yandex Taxi-ի մուտքը Հայաստան բողոքի ալիք է առաջացրել անհատ տաքսիստների շրջանում:

Դատարանը մերժել է Ավետիսյանների հարազատներին նյութական փոխհատուցում վճարելու հայցը, որը Գյումրիում սպանված ընտանիքի հարազատների փաստաբանները ներկայացրել էին Ռուսաստանի Դաշնությանը: Դատավոր Հարություն Մովսիսյանը 1 ամիս քննելուց հետո առանց հիմնավորման մերժել է հայցը, ինչը փաստաբանները համարում են օրենքի կոպիտ խախտում եւ պատրաստվում են ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին: Նշենք, որ փաստաբանները 50 հազար եվրո են պահանջում ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի եւ 100 հազարական եվրո երեխաների՝ Հասմիկ եւ Սերյոժա Ավետիսյանների համար:

Բանակում հոգեկան խնդիրներ ձեռք բերած ժամկետային զինծառայող Արթուր Հակոբյանին ծեծի ենթարկելու գործը կարճվել է:  Արթուրի հարազատներին Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանցախմբի բացակայության հիմքով է կարճվել գործը, ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ Արթուրին ծեծի է ենթարկել նրա գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը: Հարազատներն այս որոշումից դժգոհ են, նրանք պնդում են, որ Արթուրը լրիվ առողջ է գնացել բանակ եւ 10 ամիս անց վերադարձել հոգեկան խնդիրներով, վախեցած է, նոպայի մեջ ընկնելիս ամեն անգամ գումարտակի հրամանատարի անունն է տալիս: Նրանց տեղեկություններով, Արթուրին հրամանատարը ծեծել է հարբած վիճակում, ինչի հետեւանքով էլ առողջական խնդիրներ է ձեռք բերել:

Հունիսի 30-ն այս ամսվա ամենաշոգ օրն էր, գրանցվել է 38 աստիճան ջերմություն: Օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 1-ից Սեւ ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությամբ մինչեւ հուլիսի 5-ը ջերմաստիճանն օրենցօր կնվազի՝ հասնելով 33-ի: Սպասվում են տեղումներ: Հուլիսի 5-ից ջերմաստիճանը կմնա անփոփոխ, նորմայի սահմաններում:

  Հուլիսի մեկին օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Շրջանների մեծ մասում՝ այդ թվում մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +35+36 աստիճան տաքություն։

Այսօր բոլոր հիմնական արտարժույթները ամրապնդվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.44, եվրոյինը՝ 530, իսկ ֆունտինը՝ 641 դրամ:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ