News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում թրաֆիքինգի դեմ տարվում է անհրաժեշտ աշխատանք: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության «Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» ամենամյա զեկույցում, որը ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»

«Երբ խոսում ենք մարդկանց թրաֆիքինգի մասին, խոսում ենք ստրկության վերաբերյալ, մեր ժամանակների ստրկության։ Խոսքը մարդկանց ու մարդկանց ճակատագրերի մասին է, մարդիկ, ովքեր ունեն ընտանիք ու երազանք, մարդիկ, որոնց մի մասը հավետ կորցնում է այդ ամենը»,-ասել է Քերրին՝ հավելելով, որ աշխարհում մարդկային թրաֆիքինգի ծավալները, առեւտուր, որը տարեկան կազմում է 159 միլիարդ դոլար։

Զեկույցում Հայաստանն այս տարի 2013 թվականից ի վեր դասվում է ամենաբարձր՝ առաջին խմբում։ Ըստ զեկույցի, սեռական ու աշխատանքային թրաֆիքինգի են հայ կանայք ու երեխաները ենթարկվում Հայաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում ու Թուրքիայում։ Չինացի կանայք սեռական թրաֆիքինգի են ենթարվկում Հայաստանում։ Հայ տղամարդիկ բռնի աշխատանքի են լծվում Ռուսաստանում ու որոշ դեպքերում՝ Թուրքիայում։ Կանայք ու երեխաները ստիպողաբար դիմում են մուրացկանության։

Սակայն Հայաստանի կառավարությունը լիովին համապատասխանում է թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին։ Այստեղ թրաֆիքինգի ենթարկված օտար քաղաքացիները պետությունից ստանում են այն աջակցությունը, որը ստանում են այդ երկրի քաղաքացիները։

Զեկույցում ասված է, որ Հայաստանի կառավարությունը սերտորեն համագործակցում է թրաֆիքինգի դեմ պայքարող ոչ կառավարական կազմակերպությունների, տեղական մամուլի, դոնոր կազմակերպությունների ու տարածաշրջանային գործընկերների հետ։ Միայն անցյալ տարի կառավարությունը 95 հազար դոլար է հատկացրել թրաֆիքինգի ենթարկված անձանց օգնություն ցուցաբերելու համար։

Հարցին, թե որն է շարժիչ ուժը, որ Հայաստանն այս ոլորտում առաջընթաց է արձանագրել, «Պայքար ընդդեմ մարդկային թրաֆիքինգի» զեկույցի պատասխանատուներից դեսպան Սյուզան Քոփեջը պատասխանել է. «Զեկույցի կարեւորությունն այն է նաեւ, որ այն հնարավոր է դարձնում առաջընթացը։ Հայաստանի դեպքում գրանցվել է առաջընթաց։ Իսկ առաջընթաց գրանցվում է, երբ կառավարությունները գնահատում են զեկույցում տեղ գտած առաջարկները, օգնում պայքարել ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի, կանխում հանցագործությունը, պատժում մեղավորներին եւ օգնում թրաֆիքինգից տուժած անձանց։ Այդ դեպքում է, որ Հայաստանի օրինակով այդ երկրները հայտնվում են ավելի բարձր խմբի մեջ»:

Հայաստանի հարեւաններից Վրաստանում եւս ցածր ցուցանիշ չի կազմում մարդկային թրաֆիքինգը։ Կանայք ու աղջիկները թրաֆիքինգի են ենթարկվում երկրի ներսում, Թուրքիայում, Չինաստանում ու Արաբական Միացյալ Էմիրություններում։

Սակայն այստեղ եւս կառավարությունն անում է անհրաժեշտը՝ թրաֆիքինգը վերացնելու ուղղությամբ, ու դասվում առաջին խմբում։

Ադրբեջանն ու Թուրքիան դասվում են երկրորդ խմբին, որտեղ ըստ Պետդեպարտամենտի զեկույցի, կառավարությունները չեն ապահովում թրաֆիքինգի դեմ պայքարում նվազագույն չափանիշները։

Մյուս հարեւանը՝ Իրանը երրորդ խմբում է։ Երրորդ խմբին է դասվում նաեւ Ռուսաստանը։

Նշենք, որ այս տարվա զեկույցը ութ երկրներ է ավելացրել իր այսպես կոչված «սեւ ցուցակում». ամենացածր ցուցանիշ ունեցող 27 երկրների շարքին այս տարի ավելացել են Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Միանմարը, Հաիթին, Ջիբութին, Պապուա Նոր Գվինեան, Սուդանն ու Սուրինամը։ Որոշ երկրներում, ինչպես օրինակ Լիբիայում, Սոմալիում եւ Եմենում իրավիճակն այնքան քաոսային է, որ ուսումնասիրություն կատարելն անգամ անհնար է այնտեղ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ