News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 1-ին պաշտոնապես ազդարարվեց ամառային լողաշրջանի բացումը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը Հատուկ ջրափրկարարական ջոկատի փրկարարներին հաջող եւ անփորձանք ծառայություն մաղթեց` նշելով ուժեղացված ծառայության անցնելու մասին.

- Առավոտյան ժամը 09:00-ից մինչեւ երեկոյան ժամը 21:00-ն հերթապահություն է սահմանված Սեւանա լճի ամբողջ տարածքում: Ունենք անհրաժեշտ հանդերձանք եւ տեխնիկա՝ ջրափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Մեր հայրենակիցներին կոչ եմ անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին եւ հետեւել հերթապահություն իրականացնող փրկարարների խորհուրդներին:

Է. Գալստյանը նաեւ նշեց, որ ծառայությունն իրականացվում է Սեւանի թերակղզու հանգստյան գոտու տարածքում, Լճափ համայնքի ափամերձ հատվածում եւ Ծովինար համայնքի տարածքում, ինչպես նաեւ՝  երեք հանրային լողափերում: Սակայն անհրաժեշտության դեպքում ջրափրկարարներն արձագանքում են նաեւ մասնավոր եւ ՀՀ մյուս մարզերի ջրային տարածքներում տեղի ունեցող պատահարներին:

Հատուկ ջրափրկարարական ջոկատում ծառայություն է իրականացնում 33 փրկարար, որոնցից 9 ջրասուզակներ են: ՀՋՋ հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանը նշեց, որ Սեւանա լճում համապատասխան խորությունների վրա արդեն տեղադրվել են զգուշացնող լողանշաններ:

Փրկարարական ծառայությունը հանրային լողափերում իրականացվում է դիտարկման եղանակով` բարձր աշտարակների վրայից, իսկ 4 մոտորանավակներով կատարվում են պրոֆիլակտիկ շրջայցեր, բարձրախոսի միջոցով հանգստացողներին տրվում են ցուցումներ եւ հրահանգներ:

Հատուկ ջրափրկարարական ջոկատն ունի ամենագնաց մեքենա, որը կահավորված է ջրափրկարարների տեղափոխման եւ հանգստի համար անհրաժեշտ պարագաներով ու ջեռուցման համակարգով։ Այն զինված է անհրաժեշտ ջրափրկարարական գույքով՝ փչովի մոտորանավակ, շարժական էլ. գեներատոր, ստորջրյա հետախուզության սարք, շնչառական ապարատներ, պահեստային օդամբարներ, ամառային եւ ձմեռային ջրափրկարարական հանդերձանք, լապտերներ, կարթաձողեր, հալոգենային լուսարձակներ` մթության պայմաններում աշխատելու համար, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, ռադիոկապի միջոցներ։ Ջոկատն ունի նաեւ հեռակառավարվող «Գնոմ» սարք, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության եւ նկարահանումների համար` մինչեւ 120 մ խորության վրա:

Տեղում կազմակերպվեց ցուցադրական ջրափրկարարական գործողություն, որի ժամանակ ներկայացվեցին ջրում տեղի ունեցող դժբախտ պատահարներից խուսափելու համար անհրաժեշտ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնները, ինչպես նաեւ՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունները:

Տպել
Ամենաշատ