News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2011 թվականի փետրվարի 20-26-ը Հայաստանում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով՝ գենետիկայի եւ մոլեկուլային կենսաբանության բնագավառում։ Այս գիտաժողովն աննախադեպ է հեղինակավոր գիտնականների մեծ թվի առումով։ Գիտաժողովին հրավիրված են Նոբելյան մրցանակի մրցանակակիր Թիմ Հանթը եւ 12 այլ անվանի գիտնականներ, որոնք համարվում են գենետիկայի ոլորտի պրոֆեսիոնալներ:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի գիտահետազոտական կոմիտեի քարտուղար Ջոն Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նման մասշտաբի կոնֆերանս Հայաստանում կենսաբանության ոլորտում առաջին անգամ է անցկացվում։

«Գենետիկան եւ ընդհանրապես մոլեկուլային կենսաբանությունը մարդկության ամենակարեւոր խնդիրն է։ Այսօր ավելանում է այն հիվանդությունների թիվը, որոնք համարվում են ժառանգական եւ որոնք փորձում են բուժել գենետիկայի արդի մեթոդներով»,-ասաց Ջ. Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ երիտասարդ գիտնականները անվճար կմասնակցեն միջոցառմանը, որը հիանալի հնարավորություն է պրոֆեսիոնալներից արժեքավոր գիտելիքներ ձեռք բերելու։

«Սա կնպաստի հայ երիտասարդ գիտնականների ակտիվացմանը, քանի որ արտերկիր ցանկացած կոնֆերանսի գնալու համար պահանջվում են հսկայական գումարներ։ Երիտասարդներին որեւէ մեկն այդ գումարները չի տրամադրում, իսկ նրանք ուղղակի հնարավորություն չունեն սեփական միջոցներով գնալու»,-ասաց Ջ. Մկրտչյանը։

Կոնֆերանսը կազմակերպում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիաների ֆեդերացիան, իսկ ֆինանսավորումն իրականացնելու է Եվրոպական կենսաքիմիական ասոցիացիաների ֆեդերացիան։ Ֆեդերացիան ստեղծվել է 1964 թվականին եւ համարվում է Եվրոպայում ամենամեծ գիտական կազմակերպություններից մեկը, մոտ 43 երկրներում ունի 40 հազ. անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ