News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բանակում ծեծվելու հետեւանքով առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերած Արթուր Հակոբյանը բուժումը կշարունակի Երեւանի կայազորային հոսպիտալում: NEWS.am-ի հետ զրույցում Արթուրի հորաքույր Ռիտա Հակոբյանը նշեց, որ սպասում են ուղեգրին, որպեսզի սկսեն Արթուրի բուժումը:

«Ես ուզում եմ, որ Արթուրն իր բժշկի մոտ հոսպիտալում բուժվի, ոչ թե հոգեբուժարանում: Առողջապահության նախարարություն եմ դիմել, սպասում ենք ուղեգրին, որպեսզի բուժումը սկսենք հոսպիտալում: Արթուրի վիճակը շատ վատ է, անընդհատ նոպաների մեջ է լինում, ուշագնաց է լինում եւ անհրաժեշտ է ինչքան հնարավոր է շուտ կազմակերպել նրա բուժումը»,-ասաց տիկին Ռիտան:

Նշենք, որ Արթուրը նոյեմբերից առողջական լուրջ խնդիրներ ունի, իսկ ընտանիքը անհրաժեշտ գումար չունենալու համար չէր կարողանում  նրան հիվանդանոց տեղափոխել:

Արթուրին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է հանցադեպի բացակայության պատճառով:  ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելու դեպքի առթիվ, 2015թ. նոյեմբերի 13-ին որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին, իսկ զինծառայող Արթուր Հակոբյանը ճանաչվել էր տուժող:

Արթուր Հակոբյանը 2015թ. նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ էր տեղափոխվել: Արթուրն ու նրա հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հրամանատար Ջիվան Մկրտչյանը՝ հարբած վիճակում, որի հետեւանքով էլ ձեռք է բերել առողջական խնդիրներ:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա հորաքրոջը Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ