News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ռուսաստանի հետ կապել Վերին Լարսի ճանապարհով միշտ հղի է անորոշություններով ու ռիսկերով, քանի որ բոլորին է հայտնի, թե դա ինչ ռիսկային ճանապարհ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Վերին Լարսի ճնապարհի փակման խնդրին:

Նրա խոսքով, այն, որ այդ ճանապարհը ռիսկային է ու ժամանակ առ ժամանակ փակվում է, դա օրինաչափ ու բնական է, անբնականն այն է, որ Հայաստանը շարունակաբար իր տնտեսական կյանքը, արտահանումը, կապը արտաքին աշխարհի հետ այդքան պայմանավորում եւ այդքան մեծ նշանակություն է տալիս Լարսի ճանապարհին:

«Հայաստանի զարգացման եւ արտաքին շուկաներ դուրս գալը չպիտի պայմանավորել Ռուսաստանով: Ռուսաստանի շուկան երկարաժամկետ առումով Հայաստանի համար որեւէ հեռանկար չունի: Հայաստանը պիտի կարողանար զարգացնել տրանսպորտային այլ միջանցք՝ Վրաստանի միջոցով: խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի, կամ ինչպես ավելի շատ ձեւակերպում են Պարսից ծոց-Սեւ ծով տրանսպորտային միջանցքի մասին է: Պետք է մտածել ու զարգացնել այդ ճանապարհը, հակառակ դեպքում միշտ կանգնելու ենք այս հիմնախնդրի առջեւ: Որեւէ լուծում այս պայմաններում ես չեմ տեսնում: Այսինքն Հայաստանը չի կարող ստեղծել այլ ճանապարհ դեպի Ռուսաստան»,-ընդգծեց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ այս վիճակը ձեռնտու է արտաքին խաղացողներին, օրինակ Ռուսաստանին, որը կարող է Հայաստանին իր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական շահերից ելնելով պարտադրել կամ համոզել այն տեսակետում, որ ինքը կարող է ապաշրջափակել Հայաստանը Ադրբեջանի տարածքով. «Իսկ սա նշանակում է Արցախի կորուստ Հայաստանի համար»:

Անդրադառնալով Լարսի անցակետի փակման հետեւանքով Հայաստանի ունեցած կորուստներին, նա նշեց. «Բնական է, որ ապրանքներ են փչանում, լրացուցիչ տրանսպորտային ծախսերն են ավելանում, արտահանման ու ներմուծման հետ կապված բիզնես կորուստներ են լինում, մարդիկ հրաժարվում են ապրանքի տեղափոխությունից: Բայց ամենամեծ կորուստն այն է, որ Հայաստանը շարունակաբար իրեն կապված է պահում այդ ճանապարհի հետ՝ փոխանակ զարգացնելու տրանսպորտային այլ միջանցք, որովհետեւ Հայաստանի շուկաները կարող էին լինել Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում: Իսկ ռուսական շուկան Հայաստանի համար ընդամենը որոշակի արտահանում է ապահովում կոնյակ-խմիչքների ու գյուղատնտեսական մթերքի ու պարենի առումով: Իսկ Ռուսաստանից որոշակի ապրանքներ են ներմուծվում Հայաստան: Ներկրումը հանգիստ կարելի է փոխարինել այլ երկրներից ներկրմամբ, իսկ արտահանման հետ կապված պետք է այն դիվերսիֆիկացնել ու նոր շուկաներ որոնել»:

Դիտարկմանը, որ ամեն անգամ, երբ փակվում է Լարսի ճանապարհը, ՀՀ իշխանությունները խոսում են Աբխազական ճանապարհը բացելու հեռանկարի մասին, Եղիազարյանը նկատեց, որ այդտեղ ոչ մի իրատեսություն չկա. «Դա ընդամենը նույն տրամաբանության շարունակությունն է, որ մենք չենք կարողանում մեզ պատկերացնել առանց Ռուսաստանի, ինչն անլուրջ է, հեռանկար չունի եւ ռիսկային է Հայաստանի համար: Պետք է ձերբազատվել այդ մտայնությունից: Իշխանությունները նման հեռանկարից խոսում են, որ որովհետեւ այլ բան առաջարկել, նշանակում է այլ քաղաքականություն իրականացնել, որը չեն ուզում: Դրան հնարավոր է հասնել միայն քաղաքական համապատասխան կողմնորոշվածության պայմաններում: Այսինքն պետք է փոխվի Հայաստանի աշխարհատնտեսական կողմնորոշվածությունը: Ընդ որում, Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքով շահագրգռված է եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Եվրամիությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ