News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան դիվանագիտության ակտիվությունը նպատակ ուներ ձախողելու ռուսական արյունոտ պլանը, որի մասին վերջերս շատ է խոսվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով, իսկապես, մենք տեսնում ենք չափազանց մեծ ակտիվություն ամերիկյան դիվանագիտության կողմից, ինչը գալիս է նրանից, որ Հարավային Կովկասը մեծ նշանակություն է ձեռք բերել Արեւմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի համար եւ առաջին հերթին անվտանգության սպառնալիքների տեսակետից: «Այդ սպառնալիքներն այստեղ ոչ միայն եւ ոչ այնքան այն են, որ հակամարտությունները կարող են ապասառեցվել, այլ այն է, որ դա կարող է արվել հենց Ռուսաստանի ձեռքերով: Հենց սա է ստիպել ամերիկյան կողմին ակտիվացնել իր դիվանագիտական, քաղաքական ջարքերը, բացի դրանից ստիպել Ռուսաստանին, որպեսզի նա իր միջազգային մանդատին համապատասխան քայլեր անի, այլ ոչ թե հակամարտությունը ծառայեցնի իր կայսերակապաշտական շահերին: Իսկ դա ճանապարհ է դեպի պատերազմ»:

Քաղաքագետը նշել է, որ ամերիկյան նախաձեռնությունը լիովին համապատասխանում է Հայաստանի շահերին եւ Հայաստանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը պետք է օգտվեն պատմական այս հնարավորությունից. «սա է ճանապարհը, որ մեզ դուրս կբերի փակուղուց»:

Դիտարկմանը, որ թեեւ հայկական կողմը հայտարարում է, որ այս պահին քննարկվում են միայն վստահության մեխանիզմների ներդրումը, սակայն, օրինակ, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ բանակցային սեղանին շատ գաղափարներ կան եւ ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, այն պետք է փոխվի բանակցային ճանապարհով: Այսինքն ստացվում է, որ բանակցություններում նաեւ բուն կարգավորո՞ւմն է քննարկվում, Մեհրաբյանն արձագանքելն է. «Չի կարող չքննարկվել բուն կարգավորումը, եւ ստատուս քվոյի փոփոխման հարցը եւս քննարկվում է, դատելով տեղեկատվական արտահոսքերից, որոնք մենք տեսնում ենք միջնորդ երկրների բարձրագույն իշխանությունների կողմից: Պետք է ասել, որ այո, վստահության մեխանիզմների կարեւոր բաղկացուցիչ մասն էլ այդ ընթացքն է դեպի համապարփակ կարգավորում: Վարշավայում նաեւ Սերժ Սարգսյանը տվեց դրա պատասխանը, որ այո, ստատուս քվոն կփոփոխվի եւ կփոփոխվի այն ժամանակ, երբ կճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ի դեպ, նման բան մենք հանդիպել ենք նաեւ ԱՄՆ պետքարտուղարության ԼՂ-ին նվիրված հայտարարություններում: Բացի դրանից ԱՄՆ կողմից տեսնում ենք նաեւ առաջարկների փաթեթում այն, որ իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի ճանապարհով է խնդիրը լուծվելու, փոխադարձ զիջումների ճանապարհով: Դրա հիմքում այո ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ապագան»:

Քաղաքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ամերիկյան դիվանագիտության ակտիվությունը նպատակ ուներ ձախողելու ռուսական արյունոտ պլանը, որի մասին վերջերս շատ է խոսվում: «Սա շատ լավ նորություն է, որովհետեւ ռուսական պլանը տանում է հակամարտության չկարգավորում, տանում է դեպի ռուս-ադրբեջանական գործարք՝ ի հաշվիվ հայկական շահերի: Դա հանգեցնելու էր նրան, որ այդ չկարգավորված հակամարտության գոտում պետք է տեղակայվեին Մոսկվայի ցանկությամբ, ռուսական այսպես կոչված խաղաղապահ ուժեր: Այսինքն Սաֆոնովի ռեժիմը Լեռնային Ղարաբաղում, այն ինչ մենք տեսանք ԽՍՀՄ տարիների մայրամուտին, այդ ռուս-ադրբեջանական ռազմական տեռորի ռեժիմը պիտի շարունակվեր: Այլ բան Ռուսաստանն իր հետ չի կարող բերել: Իսկ ամերիկյան դիվանագիտության ակտիվացումը գալիս է խափանելու ռուսական արյունոտ պլանը»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ