News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ այս պահին մոմավառություն են անցկացնում հուլիսի 8-ին, Շենգավիթում կացնահարված ընտանիքի տան մոտ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ հետեւյալ գրառումներով. «Հարեւանիս մորթում են, ինձ ինչ», «Իսկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Լռությունը չի պաշտպանի քեզ», «Հանցավոր լռություն», «Մի' ամաչեք եւ զանգեք, բռնարարը թող ամաչի»:

Ակցիայի մասնակիցներից մեկը կացնահարված ընտանիքի դռան մոտ պատին մարկերով գրություն էր թողել. «Ֆեմինսիտական վրեժ, անտարբեր մեղսակից»:

Ուշագրավ է, որ մոմավառությանը հրաժարվեցին մասնակցել շենքի հարեւանները, փոխարենը մասնակցեցին բակում խաղացող երեխաները:

Ակցիայի մասնակիցները հորդորում էին հարեւաններին անտարբեր չլինել, քանի որ դրանով խրախուսում են սպանությունը:

Նրանք հեռացան բակի պատերին թողնելով պաստառները, իսկ հարեւաններից մի տղամարդ շենքի պատուհանից բղավեց. «Հասցրել են դրան, որ արել ա»:

Նշենք, որ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

«Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը»,-ասված է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հաղորդագրության մեջ:

Ընտանիքին կացնահարելու մեջ մեղադրվողը Թագուհու նախկին ամուսինն է: Նա ոստիկանությունում ընդունել է, որ ինքն է կատարել արարքը, ասել է, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի վայրում հայտնաբերվել էին արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ, ձեռքի մատ, որը պատկանում է 62-ամյա Վաչագան Մանսուրյանին:

Տպել
Ամենաշատ