News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում վարչապետի պաշտոնի հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր։ Վերջին 6 տարում կառավարությունը ղեկավարած Դեւիդ Քեմերոնը հրաժարական է տվել եւ կլքի Դաունինգ սթրիթ 10–ը։ Դրանից անմիջապես հետո նրա տեղը կզբաղեցնի Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Թերեզա Մեյը։

Կառավարության ղեկավարի իշխանափոխության գործընթացը, ավանդույթի համաձայն, Մեծ Բրիտանիայում գրեթե կայծակնային է տեղի ունենում։ Նստավայրից դուրս գալու պահին Քեմերոնը մամուլի համար վերջին հայտարարությունը կանի, որից հետո կմեկնի Բուքինգեմյան պալատ, որպեսզի հրաժարականի դիմումը ներկայացնի Եղիսաբեթ 2-րդին։ Այն բանից հետո, երբ միապետը ֆորմալ առումով ընդունի հրաժարականը, պաշտոնաթող քաղաքական գործիչն արդեն չի վերադառնա վարչապետի նստավայր։

Թագուհին էլ կհանդիպի Մեյի հետ եւ նրան կհանձնարարի կառավարություն ձեւավորել։ Դրանից հետո Մեյը վարչապետի պաշտոնում կտեղափոխվի Դաունինգ սթրիթ 10, որը 17-րդ դարում կառուցված շենք է եւ արդեն 111 տարի մշտապես օգտագործվում է որպես Մեծ Բրիտանիայի վարչապետների պաշտոնական նստավայր։

Մեյի երեք խնդիրները

Այսպիսով՝ չնայած այն հանգամանքին, որ Մեյը դեմ է Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, հենց նա էլ պետք է ղեկավարի բանակցությունները, փորձի ԵՄ–ի հետ «ամուսնալուծության» լավագույն պայմանների հասնել։ «Brexit–ը նշանակում է Brexit, եւ մենք պատրաստվում ենք դրանում հաջողության հասնել»,– այսպես է սահմանել Մեյը իր հիմնական խնդիրը վարչապետի պաշտոնում։ Նոր կաբինետում ստեղծվելու է հատուկ պաշտոն՝ ԵՄ կազմից դուրս գալու հարցերով նախարար։

Միաժամանակ ապագա վարչապետը չի պատրաստվում արագացնել բանակցությունների մեկնարկը։ Նա արդեն հայտարարել էր, որ հույս ունի գործի դնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով ԵՄ կազմից անդամ պետության դուրս գալու ընթացակարգը սահմանվում է ոչ շուտ, քան մինչեւ հաջորդ տարվա սկիզբը։ Մինչեւ այդ պահը մնացած ժամանակը Լոնդոնը մտադիր է օգտագործել բանակցային դիրքերի նախապատրաստման նպատակով։ Այս պահին նման դիրք, ըստ էության, չկա։

Մեյն իր երկրորդ նպատակն էր անվանել երկրի եւ կուսակցությունների միավորումը։ Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո հասարակական կարծիքները տարանջատվել են, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Brexit–ին կողմ է քվեարկել 17.4 մլն մարդ, իսկ դեմ՝ 16.14 մլն մարդ։ Ստացվում է, որ բնակչության գրեթե կեսը պատրաստ չէ Բրյուսելի հետ հարաբերությունների խզմանը, բայց մեծամասնության որոշումը չեղարկել նույնպես ոչ ոք չի պատրաստվում։

Եվ  վերջապես Մեյի երրորդ խնդիրը Մեծ Բրիտանիայի բարեփոխումն է այնպես, «որ այն համապատասխանի բոլորին, այլ ոչ թե փոքրաքանակ արտոնյալ մարդկանց»։

Համեմատություններ «երկաթյա տիկին» Մարգարետ Թետչերի հետ

59-ամյա քաղաքական գործիչը, որը 2010-ին գլխավորել էր ՆԳՆ–ն, Մարգարետ Թետչերի պաշտոնավարումից գրեթե 26 տարի անց կդառնա Բրիտանիայի առաջին կին վարչապետը։ «Երկաթյա տիկինը» երկիրը ղեկավարում էր 1979-1990թթ.։

Թերեզա Մեյին անընդհատ համեմատում են Թետչերի հետ, թեպետ ապագա վարչապետը չի կարծում, որ իրենք նման են։ Միաժամանակ երկու քաղաքական գործիչների կարիերայում որոշակի նմանություններ կան։ Այսպես՝ Թետչերն ու Մեյը երկու անգամ պարտվել են խորհրդարանական ընտրություններում, նախքան պատգամավորական մանդատ ստանալը՝ համապատասխանաբար 1950, 1951 եւ 1992, 1994 թվականներին։ «Երկաթյա տիկինը» վարչապետի պաշտոնը ստանձնել է 53 տարեկանում, իսկ մինչ այդ նա 20 տարի աշխատել էր խորհրդարանում։ Մեյը կառավարությունը կղեկավարի 59 տարեկանում՝ խորհրդարանում 19 տարի աշխատելուց հետո։ Ընդ որում, Թետչերը 4 տարի շարունակ ընդդիմության առաջնորդ է եղել (1975-1979), իսկ Մեյը նման փորձ չունի։ Միաժամանակ ՆԳ նախարարի պաշտոնում անցկացրած 6 տարին ռեկորդային էին վերջին հարյուրամյակի ընթացքում։

 «Վագր» տիկինը՝ «երկաթյա» տիկնոջ փոխարեն

Այդուհանդերձ, Թետչերի եւ Մեյի միջեւ էական տարբերություն կա։ Եթե Մարգարետ Թետչերի ոճային գործնական կոստյումը նրա քաղաքական հաջողության գրավականն էր, ապա Թերեզա Մեյն աչքի է ընկել էքստրավագանտ ոճի կոշիկների հանդեպ իր սիրով, որը հաճախ փչացնում է ընդհանուր «պատկերը»։

Թերեզա Մեյի համար արգելված մոդելներ չկան՝ ընձառյուծի նախշերով «նավակ» կոշիկներ, օձի կաշվից երկարաճիտ կոշիկներ, խոշոր ճարմանդներով կոշիկներ, անգամ գույնզգույն ռետինե երկարաճիտ կոշիկներ։ Նոր վարչապետն աշնանը կդառնա 60 տարեկան։ Տարիքը ոչ մի կերպ չի փոխել նրա ոտքերի սլացիկությունը։ Հենց այդ պատճառով Թերեզա Մեյը կարող է իրեն շատ բան թույլ տալ։

Ամենահայտնի լուսանկարներից մեկում Մեյը ընձառյուծի նախշերով «նավակ» կոշիկներով է՝ Բրիտանիայի դրոշի ֆոնին։ Նոր վարչապետը համադրում է աչք ծակող կոշիկները եւ գործնական կոստյումները։ Հնարավոր է, էքստրավագանդ կոշիկները քաղաքական ֆիասկոյից Մեյին պաշտպանող թալիսմանի պես մի  բան են։ Փորձագետները նշում են, որ նա նախընտրում է ակտիվ գույներ, խոշոր զարդեր, բարակ կրունկներ եւ ագրեսիվ կենդանական նախշեր։ Լաքապատ կաշին, որը սիրում է Մեյը, իր մեջ շատ դրամա եւ էպատաժ է պարունակում, Նրա կերպարի վրա է հրավիրում ուշադրությունը եւ պաշտպանիչ հայելի է ծառայում, քանի որ այն լավ արտացոլող հատկանիշներ ունի։  Երկարաճիտ բոթֆորդ կոշիկները հեծյալի պատկեր են ստեղծում, որը հայտնի է Բրիտանիայում, իսկ ընձառյուծի նախշերը վկայում են իրեն եւ իր նախնական կենդանական բնազդները կառավարելու ունակության մասին։ Խիստ ոճի լաքապատ տղամարդու կոշիկները, որոնց միակ գլամուր դետալը կրունկների ճարմանդներն են, ծանրակշիռ փաստարկ են, որ նման կնոջ հետ կատակները վատ են վերջանում։ Նրա ճնշմանը կարող է դիմանալ միայն բանակում թրծված անձը։ Կենդանական նախշերը խիստ հագուստի  համադրությամբ վկայում են, որ նոր վարչապետը վճռական եւ անկանխատեսելի անհատականություն է։

Լուսանկարները՝  REUTERS–ի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ