News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությունում գտնվող ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հուլիսի 21-ին այցելել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուս եւ հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ բանակային կորպուսի հրամանատարության հետ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլսը:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պատվիրակությանը ներկայացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հաճախականությունը եւ դրա հետեւանքները: Ներկայացվել է հայկական կողմի դիրքորոշումը հրադադարի պահպանման համար անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Տավուշի մարզում ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել մարզպետ Հովիկ Աբովյանի եւ սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության առօրյա կյանքի վրա հրադադարի խախտումների հետեւանքները բնակչության անվտանգության, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման եւ ենթակառուցվածքների շահագործման առումով:

ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է նաեւ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն, որտեղ տեղեկատվություն է ստացել միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման գործողություններում հայ խաղաղապահների ներգրավվածության եւ նախապատրաստվող առաքելությունների վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ