News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդյոք նպատակահարմար է համարվում Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, եթե ըստ տեղի բնակիչների, այն կարող է աշխատել միայն 20 օր:

«ԷկոԼուրի»  հետ զրույցում  Գողթի բնակիչ, ակտիվիստ Վահրամ Սեդրակյանը ասաց. «Մեր պահանջով Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը փոփոխեցին: Եթե նախատեսված էր ինքնահոս ոռոգման համակարգի խողովակաշարերը միացնել նույն կետից, ինչ որ Գեղարդալճից Գողթի ոռոգման համար դուրս եկող խողովակաշարի կետն է, ապա այժմ նախատեսվում է այդ խողովակաշարը տեղափոխել Գեղարդալճի ավելցուկային կետ: Սա նշանակում է, որ մենք կօգտագործենք Գեղարդալճի ջուրը, իսկ եթե ջուր կավելանա եւ կհոսի ավելցուկային կետ, այդտեղից նոր կարող են ջուր վերցնել: Սակայն ընդամենը 20 օր այդպես կարող են ջուր տանել, որովհետև հետո էլ այդքան ջուր չի լինում»:

Գեղարդալճի ինքնահոս համակարգի իրականացմամբ նախատեսվում է վերացնել Հացավանի, Գեղադիր, Ազատի թիվ 3 և 4 պոմպակայանները՝ ոռոգելով Գեղադիր (120հա), Հացավանի (120հա), Ողջաբերդի (55հա), Ջրվեժի այգեգործական (188,28 հա), «Արգելոցապարկային համալիր» (260 հա), Գողթ (705.52հա-ից միայն 300 հա), շուրջ 1448.8 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝  26 կմ երկարությամբ՝ 500մմ տրամագծոց խողովակաշարով մղելով 523.6 լ/վ ջուր:

Գեղարդալճի ջրամբարը լցվում է Կարմիր գետի ջրով: Ջրամբարի տարողությունը 2.4 միլիոն խմ է, նախատեսվում է 1.6 մետրով վերակառուցելով ջրամբարը, ծավալը հասցնել 3.4 միլիոն խմ-ի:  Գողթեցիների համոզմամբ այդքան ջրային ռեսուրս չկա: Ծրագրի պատասխանատուները խոստացել էին Գեղարդալիճ ուղղել Գիլանլար սելավային գետի հոսքը՝ ապահովելու ակնկալվող ջրաքանակը, սակայն փոփոխված նախագծում այդ մասին չեն գրել՝ գողթեցիներին ասելով, որ դրա համար առանձին նախագիծ է պետք մշակել:

ՀՀ բնապահպանության նախարարությունից ԷկոԼուրին հայտնեցին, որ Գեղարդալճի ինքնահոս համակարգի ծրագրի փոփոխությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության չի ներկայացվել:

Տպել
Ամենաշատ