News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններն ավելի ու ավելի են ջերմանում, մինչդեռ Անկարայի եւ Վաշինգտոնի կապերում կտրուկ սառեցում է նկատվում: Եթե իրավիճակը չփոխվի, Արեւմուտքի համար խնդիրներ կարող են առաջանալ: Այս մասին գրում է Asia Times-ը:

Դեռեւս Թուրքիայում հեղաշրջման փորձից առաջ՝ Մոսկվայից նախագահ Էրդողանի ներողություն խնդրելուց հետո, պարզ դարձավ, որ երկրի արտաքին քաղաքականության վեկտորը սկսել է փոխվել: Սակայն պետական հեղաշրջման փորձից հետո Էրդողանի պահվածքը դրանում կասկած չթողեց: Դավադիրների գործողություններից հետո Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունը զգալիորեն մեծացավ՝ հիմնականում այն պատճառով, որ ԱՄՆ-ն մինչեւ հիմա Թուրքիային չի արձահանձնել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին Անկարան մեղադրում է պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նոր միտումներ են նկատվում: Հիմա Էրդողանի ուշադրության կենտրոնում ոչ թե տարածաշրջանի իրադրությունն է, այլ սեփական երկրի տնտեսական բարեկեցությունը: Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի զգալի օգուտներ կարող է բերել: Էրդողանը հույս ունի, որ Ռուսաստանը կօգնի կանխել քրդերի անկախ պետության ստեղծումը, եթե փոխարենն օգնի արտահանել ռուսական գազը:

«Արեւմուտքի համար Թուրքիայի կորուստն ու այդ երկրի՝ Ռուսաստանի կողմն անցնելու հանգամանքը աշխարհաքաղաքական մեծ անհաջողություն կնշանակի»,- նշված է հոդվածում:

Բացի այդ, Մոսկվայի հետ Անկարայի մերձեցումն ԱՄՆ-ի համար նաեւ Մերձավոր Արեւելքում խոշոր աշխարհաքաղաքական պարտություն կնշանակի: Ըստ Asia Times-ի, եթե Ռուսաստանը կարողանա թուլացնել Թուրքիայի վախերը անկախ Քուրդիստանի ստեղծման առիթով, Անկարան ստիպված չի լինի «Սիրիայում կամ Իրաքում սատարել ԻՊ-ին կամ ցանկացած այլ ահաբեկչական խմբավորման»: Իրանի հետ կապված նույնպես դրական տեղաշարժեր են նկատվում:

Ավելին, ըստ թուրք քաղաքական գործիչ Իդրիդ Բալուքենի, Էրդողանը հաշտվողական քաղաքականություն է ցուցաբերում նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ. նոր մոտեցումն «Ասադ թշնամուն» վերածեց «Ասադ բարեկամի»:

«Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխությունները կապված են տարածաշրջանային խնդիրներից սեփական երկրի ուղղությամբ Էրդողանի ուշադրության կենտրոնացմամբ: Նա ուշ հասկացավ, որ իր երկրի արտաքին քաղաքականությունում պրագմատիզմ է անհրաժեշտ: Նա նաեւ չկարողացավ հրաժարվել Օսմանյան կայսրության մասին երազներից: Հիմա ամեն ինչ փոխվում է»,- գրում է Asia Times-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ