News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության պարեկապահակային գնդի գրավումից 6 օր անց Սերժ Սարգսյանը երկրորդ խորհրդակցությունն է հրավիրել, որի ժամանակ առաջին անգամ հանդես է եկել հայտարարությամբ: Երկրի նախագահն ընդգծել է՝ ստեղծված իրավիճակին պետք է տրվի խաղաղ հանգուցալուծում, ապա կոչով դիմել է «Սասնա ծռեր» խմբին:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրավապահ մարմինների ղեկավարներին իրենց գործունեությունը շարունակել իրականացնել խստագույն զսպվածությամբ եւ օրենքի շրջանակներում: Ստեղծված իրավիճակը, ըստ Հանրապետության նախագահի, արդեն ավելի երկար է տեւում, քան կարող են իրենց թույլ տալ:

Սերժ Սարգսյանի հայտարարությունից մոտ 1 ժամ անց եղավ նաեւ առաջին նախագահի գնահատականը:

«Արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու եւ համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի»,- ասել է Լեւոն Տեր- Պետրոսյանը: ՀԱԿ առաջնորդը վստահ է, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել եւ այս անգամ էլ որոշում կկայացնի՝ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը վեր դասելով ամեն ինչից: Թե ինչու է այս իրավիճակն առաջացել, Լեւոն Տեր- Պետրոսյանը նշեց, որ անիմաստ է այժմ վերլուծել պատճառները:

Ավելի ուշ եղան նաեւ քաղաքական մյուս ուժերի հայտարարությունները երկրում ստեղծված իրավիճակի մասին:

Գիշերը Խորենացի փողոցում հանգիստ է անցել: Մի քանի հարյուր ակտիվիստներ նախորդ օրերի պես ժամը 18:30-ից հավաքվել էին այնտեղ՝ փորձելով լուծել զինված խմբի անդամների սննդի հարցը: Շուրջ 4 ժամ անց ցուցարարները տեղեկություններ ստացան, որ սննդի հարցը լուծվել է գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ: Հիշեցնենք, որ երեկ առավոտյան արցախցի պատգամավորն այցելել էր ոստիկանության ՊՊԾ գունդ, զրուցել զինված խմբի հետ: Մամուլը գրում է, որ դրանից հետո Բալասանյանը հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի հետ:

Գրավված գնդի տարածքում երեկ նաեւ քաղաքական- հասարակական գործիչներ, մտավորականներ էին հավաքվել, որոնք կոչ էին անում հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Հուլիսի 20-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում չէր:  Լրագրողների հետ հանդիպմանն ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ կարծիքներ են հնչում, որ իրեն ասել են՝ այնտեղ չպետք է հրահանգներ տա:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ռուսաստանյան հանդիպումից հետո առաջին անգամ ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդը կրակել է գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի ստադիոնի վրա, որտեղ այդ պահին երեխաներ են եղել: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դատարանում այսօր ցուցմունք է տվել անցած տարվա հուլիսին մահացած Մերի Մարգարյանի ամուսինը: Արթուր Հարությունյանը կնոջ մահվանից հետո առաջին անգամ էր պատմում դեպքի մանրամասները: Ըստ նրա ցուցմունքի՝ Մերին 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, իսկ ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանը հրաժարվել է հոսպիտալացնել:

Դատավարության մասնակիցների մոտ հարցեր առաջացան՝ դեղագետ Մերի Մարգարյանը չէր պատկերացնո՞ւմ իրավիճակի լրջությունը: Եվ Մերիի ամուսինը, եւ հայրը պնդեցին, որ նա անվերապահորեն վստահել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհուն

Շուշանիկ Բախշյանը որեւէ հարց չտվեց, լուռ լսում էր:

Լվովում անցկացված Եվրոպայի առաջնությունում արցախցի Դավիթ Պետրոսյանի եւ ադրբեջանցի մարզիկի մենամարտից հետո Հայաստանի ներկայացուցիչների վրա հարձակվելու համար որակազրկված Ադրբեջանի հավաքականն այս օրերին մասնակցում է Մոսկվայում ընթացող աշխարհի 5-րդ առաջնությունը: Ինչու է Ռուսաստանը ամեն դեպքում որոշել թույլ տալ որակազրկված Ադրբեջանին՝ մասնակցելու առաջնությանը: Ֆեդերացիայի նախագահը պնդում է՝ ադրբեջանցիները ներողություն են խնդրել Հայաստանի հավաքականից եւ ռուսական կողմը որոշել է շանս տալ:

Դոլարն ու եվրոն թանկացել են, իսկ ռուբլին ու ֆունտը՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.39, եվրոն՝524, ֆունտինը՝ 624 դրամ: 

Հուլիսի 23-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է  կարճատեւ անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +36+37 աստիճան տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ