Պարեկապահակային գնդի տարածք են ժամանել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի ծնողները։ NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, եկել է նաեւ խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի ծնողները։
Հայրը՝ երկու ոտքերից զրկված եւ անվասայլակով շարժվող Մերուժան Սողոմոնյանը որդուց պահանջում էր վայր դնել զենքն ու տուն վերադառնալ։ «Էլի թող հայրենիքը հարգի, նախ թող հորը հարգի»,- վրդովված նշում էր նա, իսկ որդին հրաժարվում էր լսել նրա հորդորը։
Էդգարի մայրն էլ նշեց, թե ավելի լավ է որդին հանձնվի, կրի իր պատիժը, եթե հանցանք է գործել, քան գտնվի այդ տարածքում։ Ի վերջո, Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց լքել գնդի տարածքը՝ ծնողներին ասելով, որ տուն գնան։
Զինված անձանցից եւս մեկի՝ Գարիկ Հովակիմյանի մայրը եւս եկել էր որդու ետեւից, բայց նա հրաժարվեց լքել Պծ գնդի տարածքը։
Վիտալի Բալասանյանն էլ նշեց, որ խոսել է խմբի հետ, որեւէ մեկին իր կամքին հակառակ չեն պահում ՊՊԾ գնդի տարածքում։ Հարցին՝ կերաշխավորի անձամբ, որ Սողոմոնյանին չհետապնդեն, եթե վայր դնի զենքը, Բալասանյանը պատասխանեց, որ ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում։