News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանը դժգոհ է, որ Գեւորգ Ազիզյանը վերականգնվել է ոստիկանապետի պաշտոնում։ NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Գեւորգյանը նշեց, որ համացանցում տարածված տեսանյութում պարզ երեւում է, թե ոստիկանապետն ինչպես է իրեն ծեծում եւ այդքանից հետո նրան նույն պաշտոնում վերականգնելն առնվազն ծիծաղելի է։

«Աբսուրդ է, որ նրան մեղավոր չճանաչեցին,  նորից դրեցին ոստիկանապետ, գոնե այլ պաշտոն տային։ Դա իմ համար հաճելի չի, գոնե ոստիկանապետ չդնեին, տեսանյութում պարզ երեւում է՝ ինչպես է ինձ ծեծում ու այդքանից հետո նորից նրան ոստիկանապետ  նշանակեցին։ Դե հիմա այդպես են արել, արդարացրել են,  էլ չեմ բողոքելու, իմ ձեռը լիներ ես կպատժեի։ Նրան նշանակեցին այդ պաշտոնում, այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհը տեսավ, թե ոնց է ինձ ծեծում»,–ասաց Արթուր Գեւորգյանը։

Արթուր Գեւորգյանի խոսքով՝ Գորիսի ոստիկանապետն իմացել , որ ինքը իր տեղակալի՝ Մուշեղ Գեւորգյանի եղբայրն է եւ հենց այդ պատճառով էլ հրահրել է ծեծկռտուքը՝ եղբորն աշխատանքից ազատելու համար. «Ինքը ուզում էր իմ եղբորն ավելի ցածր պաշտոնի տեղափոխել, բայց ոչ մի կերպ չէր ստացվում, հիմա ես համոզված եմ, որ իմացել է՝ ես նրա եղբայրն եմ եւ ամեն ինչ արել է այդ կռիվը հրահրելու եւ այդ պատճառաբանությամբ եղբորս աշխատանքից ազատելու համար»։

Նշենք, որ Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ միձադեպի գործով հարուցված քրեական գործը կարճվել է՝ ՀՔԾ-ն ոստիկանապետի գործողություններում հանցանք չի տեսել: Հանցանք չի տեսել նաեւ Արթուր Գեւորգյանի գործողություններում, որին որպես մեղադրյալ էին ներգրավել գործում:

Ի դեպ, միջադեպից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ վերականգնվել է:

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ