News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Եվրամիությունից քիչ ապրանք կգնի, անգամ եթե հանվեն սննդամթերքի վրա դրված պատժամիջոցները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIIW) ԱՊՀ երկրների հարցերով մասնագետ Վասիլի Աստրովը։

Նրա խոսքով՝ ռուբլու փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ, այս դեպքում եվրոյի, հիմա այնքան ցածր է, որ դա շատ ապրանքների ներմուծումը գրեթե անհնար է դարձնում։ Այդ պատճառով 2015–ին Ռուսաստանում ապրանքային պրոֆիցիտը բարձր էր մնում, թեպետ ՌԴ–ից արտահանումը կրճատվել էր 33 տոկոսով՝ հասնելով 333.5 մլրդ–ի, այդ թվում՝ նավթի եւ վառելիքաքսուքային նյութերի արտահանումը ավելի քան կրկնակի՝ 51.3 տոկոս՝ մինչեւ 168.7 մլրդ դոլարի։ Սակայն այդ նույն տարում ներմուծումը կրճատվել է 38 տոկոսով՝ մինչեւ 177.3 մլրդ դոլարի։ Արդյունքում Ռուսաստանում 2015–ին ապրանքային բալանսի պրոֆիցիտը կրճատվեց 23 տոկոսով, բայց ամեն դեպքում կազմեց 145.6 մլրդ դոլար (Ռուսաստանի բանկի գնահատականներով, խմբ.)։

Ընդ որում, Աստրովը նշել է, որ ներմուծումն անկում է գրանցել ոչ պատժամիջոցների պատճառով։ Դրա գլխավոր պատճառը հետընթացն է ու ռուբլու փոխարժեքի անկումը։ Ներմուծման կրճատումը հնարավորություններ է ստեղծում հայրենական արտադրողների համար, բայց դրանցից օգտվել կարողանում են ոչ բոլորը։ Հայտնի է, որ ռուսական ագրարային սեկտորում ներմուծումը տեղական ապրանքներով փոխարինելու դինամիկա կա (հիմնականում մսի եւ պանրի։ Տես ՌԴ Կառավարությանն առընթեր զեկույցը, խմբ.)։

Ընդ որում, փորձագետի կարծիքով, դժվար թե եվրոպական պարենային կենտրոններն անմիջապես կվերադառնան Ռուսաստան նախկին ծավալով, անգամ, եթե ենթադրենք, որ պատժամիջոցները կչեղարկվեն մոտ ապագայում, ասենք, 2017-ի սկզբից։ Պատճառը, ինչպես ասվեց, ներմուծման համար անբարենպաստ ոխարժեքն է։ Իսկ եթե հիշենք, որ ռուբլու փոխարժեքը կախված է նավթի գնանշումներից, ապա ինչ–որ չափով կարելի է ենթադրել, որ այն դեռ երկար ցածր կմնա։

«Նավթի գների կանխատեսումների պարագայում բոլոր շահարկումներով հանդերձ՝ շատերը նշում են, որ նավթի գների ներկայիս ճգնաժամը ոչ թե պահանջարկի, այլ առաջարկի ճգնաժամ է։ Ի տարբերություն 2008-2009թթ. ճգնաժամի, երբ նվազել էր պահանջարկը, որը հետո աստիճանաբար վերականգնվեց։ Իսկ հիմա կա առաջարկ, եւ ոչինչ չես կարող անել։ Կան, իհարկե, տեղաշարժեր. ԱՄՆ–ում կրճատվում է թերթաքարային նավթի արդյունահանումը։ Սակայն շուկայում, ընդհանուր առմամբ, ավելի շատ գերառաջարկ կա, չնայած, նավթի կոնյուկտուրայի մասին կարելի է երկար դատողություններ անել»,– նշեց Աստրովը։

Եթե վերադառնանք Ռուսաստանին, ապա սննդամթերքի սեկտորից բացի, ռուբլու անկման առավելությունն օգտագործելը բարդ է նաեւ ոչ պարենային ոլորտների համար։ «Իհարկե, օտարերկրյա ընկերությունները, որոնք արդեն ներկայացված են Ռուսաստանում, կպահպանեն այնտեղ իրենց արտադրությունը, ավելին՝ կփորձեն մեծացնել տեղայնացումը, որպեսզի հնարավորինս շատ ինքնարժեք գոյանա ռուբլով։ Իսկ նոր ընկերությունների համար, ինձ թվում է, մուտքի որոշակի պատնեշ կլինի աշխարհաքաղաքական իրավիճակը»,– հավելեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ