News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչպես հայտնի է, Հայաստանում էլեկտրաէներգիայի եւ բնական գազի միանման սակագներ են գործում մայրաքաղաքի եւ մարզերի տարածքներում: Հարեւան Վրաստանում դրանք մի փոքր տարբերվում են ըստ շրջանների, այդ պատճառով համեմատության դյուրացման համար կբերենք Վրաստանի մայրաքաղաքի ցուցանիշները:

Վրաստանի մայրաքաղաքում գործում է էլեկտրաէներգիայի երեք սակագին: Այսպես՝ 101 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից պակաս սպառելու դեպքում, ամսական վճարը 1 կՎտ/ժամի դիմաց կազմում է 30,1 դրամին համարժեք գումար: 101-ից 301 կվտ/ժամի միջակայքում՝ 39,5 դրամից պակաս: Դե իսկ նրանք, ովքեր սպառում են 301 կՎտ/ժամից ավելի էներգիա, 1 կՎտ/ժամի դիմաց ամսական վճարում են մոտ 49,9 դրամ: Մեզ մոտ, ինչպես հայտնի է, բնակչության համար ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կազմում է 48,78 դրամ, իսկ գիշերայինը՝ 38,78 դրամ: Միջին փաստացի սակագինը հունիսին կազմել է 1 կՎտ/ժամի դիմաց 41,1 դրամ (հաշվի առնելով հասցեական սուբսիդիաները):

Իսկ Հայստանում ինչքա՞ն էլեկտրաէներգիա է սպառում միջին վիճակագրական մեկ ընտանիքը: Ելնելով ընթացիկ տարվա առաջին եռամսյակում այդ էներգապաշարի տեղաբաշխման տվյալներից՝ մեկ ընտանիքին միջինը բաժին է հասնում ամսական 228 կՎտ/ժամ: Հասկանալի է, որ ոմանք ավելի շատ են սպառում, ոմանք՝ ավելի քիչ:

Ծախսի մեր ցուցանիշը (228 կՎտ/ժամ մեկ ընտանիքի հաշվով) թբիլիսյան սակագնի մեջտեղում է (այսինքն՝ 1 կՎտ/ժամի դիմաց 39 դրամից ոչ քիչ): Այստեղից կարելի է եզրակացնել, որ մեր երկրում ընտանիքների զգալի մասի համար էլեկտրաէներգիան ավելի թանկ է, քան Թբիլիսիում: Հավելենք, որ Հայաստանում ամենից բարձր է հենց այն կայանների արտադրած էլեկտրաէներգիայի մեծածախ գինը, որոնք աշխատում են նույն ռուսական գազով: Այս փաստը կարգավորողն օգտագործում է էլեկտրաէներգիայի բարձր սակագնի հիմնավորման համար:

Թբիլիսիում բնական գազի սակագինը 1 խորանարդ մետրի դիմաց մի փոքր բարձր է 118 դրամին համարժեք գումարից: Մեզ մոտ, սակայն, նույնիսկ էժանացումից հետո (ընթացիկ տարվա հուլիսի 1-ից 6 տոկոսով), գազի սակագինն անհամեմատ բարձր է, քան Թբիլիսիում՝ 1 խորանարդ մետրի դիմաց 146,7 դրամ:

Տեղեկանք. Վրաստանում բնական գազի 80 տոկոսից ավելին ապահովում է  SOCAR ընկերությունը (Ադրբեջան ի պետական նավթային ընկերությունը): Բացի դրանից, Հայաստան մատակարարվող ռուսական բնական գազի տարանցումից հասնում է 10 տոկոս՝ ըստ գազատարով փոխադրվող գազի ծավալի:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ