ՊՊԾ գնդի տարածքը զինված զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամ «միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանը, որին օրերս կալանավորել են, չի ընդունում մեղադրանքը եւ իրեն համարում է քաղբանտարկյալ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նշենք, որ Արարատ Խանդոյանը կալանավորվել է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
«Ես հանդիպել եմ իմ պաշտպանյալին, առողջական խնդիրներ ունի, պատերազմի ժամանակ գլխի կոնտուզիա է տարել ու դրա հետ կապված խնդիրներ ունի։ Նա հայտարարում է, որ քաղաքական բանտարկյալ է, իրեն ձերբակալել են իր քաղաքական հայացքների եւ իր եղբոր համար ու որեւէ առնչություն չունի իրեն վերագրվող հանցագործության հետ»,-ասել է փաստաբանը։
Վերջինս նշեց, որ պատրաստվում է իր պաշտպանյալի կալանքի օրինականությունը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում։ «Արարատ Խանդոյանին կալանավորելու հիմքերը բացակայում են»,-նշել է փաստաբանը։
Նա չի բացառել, որ Արարատ Խանդոյանի կալանավորման որոշումը եղբոր վրա ճնշում գործադրելու նպատակ է հետապնդում։
Նշենք, որ Արարատ Խանդոյանը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում եւ, ըստ փաստաբանի, առողջական խնդիրներ ունի։