«Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն է տարածել ՊՊԾ գնդի վրա ոստիկանական հարձակման մասին։
«Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գեւորգ Իրիցյանը եւ հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առեւանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»:
Ավելի վաղ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, թե գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:
«Հրաձգությունը դադարել է եւ ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար,- գրել է Ահարոնյանը։
Մեր տեղեկություններով, Պավել եւ Արամ Մանուկյաններին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։