Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում այս գիշեր վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի համակարգող Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին: Կատարվածի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց ժամը 01:30-ի սահմաններում, երբ ցուցարարները երթից հետո արդեն հեռացել էին Խորենացի փողոցից համակարգող խմբի հորդորով:
«Գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանները առեւանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին եւ խմբի եւս մեկ անդամի»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:
Վիրավորներին տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Րոպեներ անց հիվանդանոցի դռների մոտ հավաքվեցին վիրավորների ընտանիքի անդամները, հարազատները, համախոհներն ու լրագրողները: Շուրջ 3 ժամ իրարամերժ տեղեկություններ էին պտտվում հայր ու որդի Մանուկյանների առողջական վիճակի մասին: Դիմակավորված ոստիկանները ոչ մեկին թույլ չէին տալիս մտնել հիվանդանոց, ինչն ավելի էր սրում իրավիճակը: Ժամը 04:00-ի սահմաններում միայն բժիշկներն իջան ու ներկայացրին վիրավորների վիճակը. Պավլիկ Մանուկյանն ու որդին ընդունվել են ժամը 01:00-ին, վիրահատվել են, ապա տեղափոխվել Վերակենդանացման բաժանմունք, միացված են արհեստական շնչառության ապարատին: Վիրավոր ոստիկանի վիճակը միջին ծանրության է:
Մինչ քաղաքացիները հիվանդանոցի բակում սպասում էին լուրերի, Խորենացի փողոցից բերման էին ենթարկվում այնտեղ մնացած սակավաթիվ ցուցարարները: Րոպեներ անց փողոցը դատարկ էր: Առավոտյան պարզ դարձավ՝ 64 ցուցարար է բերման ենթարկվել, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանը ձերբակալվել է:
Վաղ առավոտյան ոստիկանությունը հայտարարեց, որ զինված խմբի եւս երկու վիրավոր անդամ գտնվում է ՊՊԾ գնդի տարածքում: Նրանց բուժօգնություն ցուցաբերելու համար գնդի տարածք մեկնած բուժաշխատողներին, ըստ ոստիկանության, պատանդ են վերցրել:
«Զինված խմբի անդամները բժիշկ են պահանջել՝ նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է, եւ բուժբրիգադի ժամանումից հետո պատանդ են վերցրել բժիշկներին: Իրավապահները միջոցներ են ձեռնարկում պատանդված բժիշկներին բանակցությունների միջոցով ազատելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրեց Աշոտ Ահարոնյանը:
Իսկ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հրավիրված մամուլի ասուլիսում պնդեցին՝ ոչ ոքի պատանդ չեն վերցրել, պարզապես պահում են, մինչեւ որ բժշկական հերթափոխ բրիգադ մտնի գնդի տարածք: Րոպեներ անց «Սասնա ծռեր» խումբը հայտարարեց, որ ազատ կարձակեն բուժաշխատողներին, եթե այնտեղ գնա առողջապահության նախարարը վիրաբույժների հետ:
Բժիշկներին գնդի տարածքում պահելու փաստը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Առողջապահության նախարարությունը՝ պահանջելով շտապ ազատել 4 բուժաշխատողներին՝ առանց նախապայմանի: Իրավիճակը քննարկելու համար մայրաքաղաքում հավաքվեցին բժիշկներ, որոնք դատապարտող ելույթներով հանդես եկան:
«Այսպիսի գործողություններն անընդունելի են, եւ եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»,- մասնավորապես ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը համաձայնության են եկել Ղարաբաղում շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի ընդլայնման հարցի շուրջ։ Այս մասին ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Պլանավորվում է շարունակել հակամարտության կարգավորման ընդլայնված բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմից բարձրաստիճան պաշտոնական անձանց մասնակցությամբ։ Դիվանագիտական ուղղությամբ առաջընթացն անհրաժեշտ է կողմերի միջեւ լարվածության թուլացման համար»,– ասել է Ուորլիքը։
Գերմանիան ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում որոշել է կենտրոնանալ ԵԱՀԿ տարածքում չլուծված հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի խնդիրների վրա։ Այս մասին ասել է ԵԱՀԿ նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:
«Միայն եթե կողմերը միասին համաձայնեցնեն գործնական հարցերի լուծումները, հնարավոր կլինի վերականգնել վստահությունը եւ դրական դինամիկա գրանցել հակամարտության կարգավորման մեջ»,– ասել է նախարարը։
Եգիպտոսի 336 պատգամավոր խորհրդարանին եւ Կառավարությանը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Անկախ պատգամավոր Մուսթաֆա Բաքրին էլ հորդորում է հատուկ լսումներ անցկացնել, քանի որ հանցագործությունը պետք է դատապարտվի աշխարհի բոլոր խորհրդարանների կողմից:
«Մինչ 1915 թվականին օսմանցիները զանգվածային սպանություններ էին իրագործում, Էրդողանի ռեժիմը ներկայում եւս մեկ հանցագործություն է իրականացնում իր քաղաքական ընդդիմախոսների եւ ազգային փոքրամասնությունների դեմ, որոնք անկախության են ձգտում»,- ասել է Բաքրին:
Նիսում ահաբեկչի բեռնատարը փորձել է կանգնեցնել Ֆրանկը, որի կինը հայուհի է: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Քաղաքային օդանավակայանի աշխատակից 49-ամյա Ֆրանկը հուլիսի 14-ին իր մոտոցիկլով փորձել է ձախ կողմից մոտենալ բեռնատարին եւ բացել խցիկի դուռը, բայց կորցնելով կառավարումը՝ ընկել էր, իսկ մոտոցիկլը հայտնվել էր բեռնատարի անիվների տակ։
Ֆրանկին ոստիկանությունն անմիջապես կալանավորել էր՝ կարծելով, թե նա ահաբեկչի զինակիցն է։ Ավելի ուշ, նրան ազատ են արձակել եւ քաղաքային իշխանությունները պարգեւատրել են նրան շքանշանով:
Հայտնի է, թե քանի զինվորական եւ որքան տեխնիկա է Թուրքիայի հուլիսի 15-ին մասնակցե ռազմական հեղաշրջման փորձին: Երկրի զինված ուժերի լրատվական վարչության հայտարարության համաձայն՝ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել են 8 հազար 651 զինվորական, որոնցից միայն 5 հազար 761–ը՝ սպաներ ու բարձրաստիճան զինվորականներ։ Օգտագործվել է 35 ռազմական օդանավ, 37 ուղղաթիռ, 246 զրահապատ մեքենաներ, որոնցից 74–ը տանկ, 3 նավ եւ 3 հազար 992 թեթեւ զինատեսակ։ Նշենք, որ Թուրքիայի Զինված ուժերի թվաքանակն այս տարվա մարտի դրությամբ կազմել է 610 հազար՝ 358 գեներալ ու ծովակալ, 39 հազար 707 սպա, 97 հազար 975 ենթասպա, 10 հազար 390 պայմանագրային զինծառայող, 7 հազար 312 պահեստազորի սպա։
Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Այսպիսով, Քլինթոնը երկրի պատմության մեջ առաջին կին թեկնածուն է:
Քվեարկության ժամանակ Քլինթոնը հավաքել է Ֆիլադելֆիայում անցնող կուսակցական համագումարի պատվիրակների անհրաժեշտ 2383 ձայնը:
Միացյալ Նահանգներում համընդհանուր ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 8-ին: