News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ: Վարչապետը հանդիպել է նաեւ տեղի բնակչությանը, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել է 263 մլն դրամ: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կլուծվի համայնքի խմելու ջրամատակարարման խնդիրը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղեւորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի մասնաշենքերի կառուցապատման, ներքին եւ արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, եւ քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն եւ արագ: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է քաղաքացիների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:

Կառավարության ղեկավարը եղել է նաեւ մարզի Դեղձավան համայնքում, հետեւել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից եւ նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:

Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջեւանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին: Վեց զավակ ունեցող ընտանիքին ՀՀ կառավարության եւ Տավուշի մարզից մեծամասնական համակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի աջակցությամբ ձեռք է բերվել նոր բնակարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ